Ադրբեջանն ավելի և ավելի է կտրվում իրականությունից. Է. Նալբանդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների համատեղ ասուլիսը, որտեղ Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Լրագրողների հարցին, թե ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված հռչակագրում, կարծես, առավելություն է տրվում տարածքային ամբողջականությանը, նախարարը պատասխանել է.

«Վստահ եմ՝ գիտեք, որ ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ: Ավելին` իր աջակցությունն է հայտնել եռանախագահող երկրների մոտեցումներին և ջանքերին, որոնք բազմիցս արտահայտվել են նախագահների մակարդակով հինգ հայտնի հայտարարությունների միջոցով, և որոնք համահունչ են Հայաստանի մոտեցումներին։

Մինսկի խմբի երկու համանախագահները Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ են: Չնայած դրան՝ ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովների ընթացքում՝ գագաթաժողովից գագաթաժողով որոշ փոփոխություններով, նաև վերջին` Ուելսի գագաթաժողովի ժամանակ այն դրույթում, որը վերաբերում է Մոլդովայում և Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը, ներառվել են ձևակերպումներ, որոնք ընդհանրացված կամ ընտրովի մոտեցում են արտահայտում, ինչը չի համապատասխանում եռանախագահների կողմից արված առաջարկներին, հնչեցված գաղափարներին և մոտեցումներին, չի համապատասխանում նաև այն բազմաթիվ հայտարարություններին և որոշումներին, որոնք ընդունվել են վերջին տարիների ընթացքում` ԵԱՀԿ շրջանակներում:

Դա, իհարկե, վնաս է հասցնում բանակցային գործընթացին, վնաս է հասցնում նաև տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը։ Դա նպաստում է նրան, որ Ադրբեջանը ավելի և ավելի է կտրվում իրականությունից, և իր ռազմատենչ հռետորաբանությամբ ու քաղաքականությամբ հակառակ է գնում հիմնախնդրի կարգավորման` միջազգային հանրության մոտեցմանը։ Ես կցանկանայի նշել, որ ընտրովի մոտեցումը սկզբունքներին հակասում է միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի Կանոնադրությանը, նաև` Հելսինկյան Եզրափակիչ ակտին»:




Լրահոս