«Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանը, ով ներկա պահին գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, ցանկանում է անձամբ հանդիպում ունենալ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի, Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբեն Գևորգյանի, Գրիշա Մարգարյանի, Արամ Մանուկյանի, Ռուբիկ Հակոբյանի, Միքայել Մելքումյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արփինե Հովհաննիսյանի, Նաիրա Զոհրաբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Նաիրա Կարապետյանի, Էդմոն Մարուքյանի և Մարգարիտ Եսայանի հետ:
Այս մասին Armlur.am-ին հայտնեց դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը` Կարինեն, ում փոխանցմամբ` ամուսինը ցանկանում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում անձամբ հանդիպում ունենալ նշված ղեկավար մարմինների հետ, որպեսզի նրանց տեղեկացնի իր դեմ կատարվող անօրինականությունների, պատվերով թշնամության մասին: Դատապարտյալ Արտակ Հակոբյանը նաև նշված մարդկանց նամակ-խնդրագիր է ուղարկել, որպեսզի հնարավորինս սեղմ ժամանակահատվածում հանդիպում ունենա նրանց հետ:
Հակոբյանը համոզված է՝ ՔԿ ծառայության աշխատակիցները, սուտ տեղեկություններ փոխանցելով համապատասխան պաշտոնյաներին, չեն խոչընդոտի նրանց այցը ԴՀ-ում:
«Արդարադատության որոշ ՔԿՀ ծառայողներ միշտ վարկաբեկում են դատապարտյալներին` դրանով ցանկանալով արդարանալ. նրանց շահերից չի բխում այն, որ դատապարտյալը կարող է ավելի խելացի լինել կամ տիրապետել իրավաբանությանը ավելի լավ, քան իրենք»,- ասաց Կարինե Հակոբյանը: