ԳԱՅԴԸ ՈՉ ԹԵ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ, ԱՅԼ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա փետրվարի 2-ին Երեւանի Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, համաներմամբ ազատ էր արձակել Գայդ մականունով Արմեն Սարգսյանին (Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի թիկնապահը), Ծիծակ մականունով Արման Գեւորգյանին եւ նրանց 6 համախոհներին: Սակայն պարզվում է, որ նրանք այնքան էլ գոհ չեն համաներումից:
Ըստ քրգործի` խումբը` յուրաքանչյուրն իրեն վստահված «լիազորության» շրջանակում,  մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ-ից Երեւան թանկարժեք մեքենաներ էր ներմուծել: Հիշեցնենք, որ Ծիծակը, մեկնելով ԱՄՆ, բնակություն էր հաստատել այնտեղ եւ որոշել մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ-ից Վրաստանով թանկարժեք մեքենաներ ուղարկել Հայաստան եւ վաճառել: Նա համոզված էր եղել, որ ԱՄՆ-ում գողացված ավտոմեքենաների` Հայաստանում հաշվառման ընթացքում գողության եւ մաքսանենգության փաստը չի բացահայտվի, քանի որ Հայաստանի իրավապահ մարմիններն Ամերիկայում գողացված մեքենաների փաստերի ստուգումն իրականացնում են Եվրոպայի Ինտերպոլի ունեցած տվյալներով: Իսկ ԱՄՆ-ը իր երկրում հափշտակված ավտոմեքենաների վերաբերյալ Եվրոպայի Ինտերպոլի մարմիններին տվյալներ չի տրամադրում: Եւ այդպես Ծիծակը, մնացածի հետ միասին, հասցրել էր 24 թանկարժեք ավտոմեքենա ներմուծել եւ իրացնել, որոնք, սակայն, դատարանի վճռով առգրավվեցին: Իսկ 8 ամբաստանյալներին, որոնցից երեքի (այդ թվում` Ծիծակի ու Գայդի) նկատմամբ խափանման միջոց էր ընտրված եղել կալանքը, իսկ  մնացած 5-ի նկատմամբ` չհեռանալու մասին ստորագրությունը, դատարանը համաներեց, վերացրեց խափանման միջոցները եւ հենց դատարանի դահլիճից ազատ արձակեց` որպես պատիժ թողնելով միայն 300.000- 400.000-ական դրամ տուգանքները:
Ի դեպ, խոսքն այնպիսի թանկարժեք մեքենաների մասին է, ինչպիսիք են` VOLKSWAGEN TOUAREG-ը (շուկայական արժեքը` 18 մլն դրամ), MERCEDES BENZ E 350-ը  (շուկայական արժեքը` 13 մլն դրամ), MINI COOPER S-ը (շուկայական արժեքը` 7.700.000 մլն դրամ), BMW X5-ը (20 մլն դրամ), VOLKSWAGEN PASSAT CC 2.OT-ը (մոտ 16 մլն դրամ), VOLKSWAGEN CC-ը (14,5 մլն դրամ), LEXUS LS 460-ը (26.5 մլն դրամ) եւ այլն: Նախաքննական մարմինը 24 ավտոմեքենաներից միայն 18-ն էր հայտնաբերել, իսկ չհայտնաբերվածների մասով էլ որոշել էր, որ նաեւ դրանց գումարը պետք է բռնագանձել համապատասխան անձանցից:  Չմոռանանք նշել, որ սույն ավտոմեքենաներով հետաքրքրված են նաեւ ԱՄՆ-ի համապատասխան մարմինները, քանի որ ԱՄՆ-ի քաղաքացիներ եւ ընկերություններ  են վնաս կրել թանկարժեք մեքենաներ սիրող այս հայերի գործունեությունից:    
Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան եւ պահանջում է բեկանել Արմեն Սարգսյանի, Գեւորգ Հովհաննիսյանի, Արսեն Խաչատրյանի, Էրիկ Ներսիսյանի, Անդրեյ Ժուչյունկովի, Օնիկ Հովհաննիսյանի,  Սերոբ Դավթյանի եւ  Սեդրակ Հովհաննիսյանի  դատավճիռները եւ նրանց արդարացնել` ամբաստանյալների արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Ի դեպ, ամբաստանյալ Օնիկ Հովհաննիսյանն Աշտարակի նախկին ոստիկանապետ, ներկայում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարոյի) օգնականն է, որը 2009-ի հոկտեմբերի սկզբին ներկա էր Կարոյի եւ Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի միջեւ պարտքի ու գողացված մեքենաների շուրջ ծագած միջադեպին,  եւ անցնում է այդ դեպքով հարուցված քրգործով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Երասխ-Երեւան ավտոճանապարհին` Մարմարաշեն գյուղի հատվածում, առավոտյան ժ. 11-ի սահմաններում պատգամավոր Կարապետյանն իր անձնական «Մերսեդես G 500» մակնիշի ավտոմեքենայում կենցաղային հարցերի շուրջ վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Ա. Զադոյանն ավտոմեքենայի բանալիով հարվածել էր Կ. Կարապետյանի գլխին, որն էլ իր հերթին իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Ա. Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտները դիպել էին Զադոյանի աջ ուսին եւ աջ ոտքին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Սակայն 2011-ի մայիսին կալանավորեցին վարորդ Օնիկ Հովհաննիսյանին: ԱԱԾ-ն վերջինիս արդեն այն ժամանակ կասկածում էր մաքսանենգության մեջ: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ այդ պատմության հետ կապ ունի նաեւ պատգամավորի եղբայրը` Մասիսի ՄՌՕ-ի նախկին պետ Սիմոն Կարապետյանը, որը խոշոր գումար էր վերցրել ինչ-որ մեկի գողացված ավտոմեքենաներն օրինականացնելու համար, բայց քանի որ փողերը համարակալված եւ հատուկ նյութերով մշակված էին եղել, Սիմոն Կարապետյանը «վառվել» էր: Պատգամավորը, սակայն, լրատվամիջոցներին տված հարցազրույցներում հերքել էր իր օգնականին եւ եղբորը վերագրվող արարքները եւ նշել, որ ինքը գողացված մեքենաներ չունի:

ՄԻԼԵՆԱ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ




Լրահոս