Հայաստանը կրթական ոլորտի համար 30 մլն դոլարի վարկ կվերցնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր կրթության ոլորտին վերաբերող մի օրինագիծ, որով Հայաստանն ԱՄՆ-ից 30 մլն դոլարի վարկ է վերցնում կրթության ոլորտը բարելավվելու նպատակով: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նախագիծը չի քննարկվել Ազգային ժողովի կրթության հանձնաժողովում:

Աշոտյանն ասաց, թե ինքը չի կարող պարզաբանել, քանի որ դա կառավարության լիազորությունների մեջ չի մտնում. «Ազգային ժողովի նախագահն է որոշում, թե որ նախագիծը պետք է քննարկման դրվի, որը` ոչ»,- նշեց Աշոտյանը:

Նրա խոսքով՝ վարկային ողջ ընթացքը քննարկվել է ԱԳ նախարարին կից կոմիտեի նիստում, որին անդամ են Ազգային ժողովի կրթության հանձնաժողովի որոշ ներկայացուցիչներ: «Չկա որևէ գերակա ուղղություն, որը ժամանակին համապատասխանեցված չլինի կրթության և գիտության գլխադասային հանձնաժողովի հետ և չկա ոչ մի ուղղություն, որը համահունչ չլինի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության մասին օրենքի հետ»,- եզրափակեց Աշոտյանը:

Նշենք, որ ծրագիրը միտված է նպաստել կրթական բարեփոխումների շարունակականությանը: Վարկի ուղղությունները երեքն են` հանրակրթական ոլորտի բարեփոխումներ, աջակցություն բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներ և մշտադիտարկում` ծրագրի կառավարում և գնահատում:




Լրահոս