“Սիվիլիթաս” հիմնադրամի կողմից անցկացվող՝ թվով երրորդ նախընտրական բանավեճի թեման վերաբերում էր մարդու իրավունքներն ու սոցիալական իրավունքներն էին, սակայն ԱԺ ընտրությունների մասնակցող քաղաքական 9 ուժերից, այսօր քննարկմանը ներկա էին միայն 5-ը, իսկ բացակա չորս կուսակցություններից Հայաստանի հանրապետական կուսակցությունը և “Օրինաց երկիր” կուսակցությունը չեն մասնակցում երեք հանդիպումներից և ոչ մեկին։
Բանավեճին ներկա “Ժառանգության” ներկայացուցիչ Արման Մուշեղյանը զարմացավ, թե ինչպես են քարոզարշավին որոշ կուսակցություններ բղավում օրենքի երկիր կառուցելու կոչերով, մինչդեռ այսօրվա բանավեճին նույն իրավունքի վիճակը գնահատելու համար չեն ներկայանում: “Ինչպե՞ս կարող են ամեն օր բղավել օրենքի երկիր կառուցելու կոչերով, բայց չգալ և չխոսել այդ ինչպես”,- ասաց նա: Ներկաներից թե՛ կոալիցիոն ուժ կազմող “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ներկայացուցիչը և թե՛ մյուս՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը, միակարծիք էին այն հարցում, որ Հայաստանում այսօր մարդու իրավունքները բոլոր ոլորտներում ոտնահարվում են: Ըստ նրանց՝ մարդիկ չեն կարողանում աշխատանք գտնել, հանդիպում են սոցիալական անարդարությունների և լքում են Հայաստանը։ Անդրադառնալով մասնավոր դեպքերին Արման Մուշեղյանը նշեց, որ օրինակ ինքն էլ, լինելով հաշմանդամ, ամեն քայլափոխի հանդիպում է հաշմանդամների իրավունքի խախտումների: “Նույնիսկ ԱԺ շենքը վերանորոգելու համար միլիոններ ծախսեցին, մինչդեռ, եթ ես դառնամ ԱԺ պատգամավոր չեմ կարող այնտեղ ինքնուրույն շարժվել”,- ասաց նա:
ԲՀԿ ներկայացուցիչ Ռուստամ Մահմուդյանը իրավունքները դասակարգեց երեք խմբի՝ անձնական, սոցիալական և տնտեսական և բոլոր դեպքերում էլ նկատեց, որ խնդիրերն առկա են: Ըստ նրա՝ ԲՀԿ-ի հիմնական նպատակը կլինի ապահովել մարդկանց զբաղվածության հարցը և դրանով արդեն լուծել սոցիալական իրավունքին վերաբերող խնդիրները: Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Ավագ Աշուղբաբյանը հիշեցրեց, ոլորտում ինչ վիճակ էր անկախությունից առաջ և ինչ է հիմա: Ըստ նրա՝ անկախություն կա դե յուրե, մինչդեռ դե ֆակտո այն բացակայում է: “Ո՞վ է տեսել իրենց երկրից մարդիկ դուրս գան և թափառեն”,-հարցրեց նա և նշեց, որ մարդու իրավունքների խախտման հիմքը դրվել է հենց 90-ականներից հետո: Նա առաջարկում է ազգայնականացնել այն բոլոր պետական հարստությունները, որոնք մի քանի կոպեկով սեփականացվել են: Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ Արթուր Եղիազարյանն իր կուսակցության կողմից առաջարկում է ոչ թե շեշտը դնել վերացական սոցիալական խնդիրների լուծման վրա, այսինքն՝ սոցիալական աջակցությանը նպաստների ու այլ օգնությունների ձևով, այլ կոնկրետ աշխատատեղեր բացել և մարդուն արժանապատիվ ապրելու հնարավորություն տալ: “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր բլոկի անդամ Մովսես Արիստակեսյանը համոզված է, որ Եվրոպայի ճնշմամբ կա՛մ այդ իրավունքները հարգվում են կա՛մ չեն հարգվում: Նա իրավունքներից առանձնացրեց ընտրելու իրավունքի խոչընդոտումը՝ իշխող կուսակցության կողմից, և ապա խոսեց նաև սոցիալական հարցերից:”ՀՀԿ-ն վերջին 5 տարիների ընթացքում իրականացրել է հակասոցիալական քաղաքականություն, թե՛ աշխատանքային, թե՛ առողջապահական, և թե՛ կենսաթոշակային իրավունքների հարցով: ՀԱԿ-ն առաջարկում է բարեփոխումների մի ամբողջ փաթեթ, գտնելով, որ պետք է հիմնավոր փոխել աշխատանքային օրենսդրությունը”,- ասաց նա: