«ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԳԱՐՎԵՍՏՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ ԱՐՍԵՆ ՍԱՖԱՐՅԱՆՆ, ով գրեթե ամեն տարի ներկա էր լինում Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը, այս տարի չկար ո՛չ դահլիճում, ո՛չ կուլիսներում: Հարց է առաջանում. իսկ ո՞ւր էր այդ ժամանակ երգիչը, իր կամքո՞վ չէր եկել, թե՞ նրան պարզապես չէին հրավիրել:
-Բացակայության ի՞նչ պատճառ կար, հարմար չէ՞ր, թե՞ նեղացել ու չէիք եկել:
-Ես ոչ ոքից առհասարակ չեմ նեղանում: Հենց սկզբից ասեմ` նեղացած չեմ, ուղղակի շատ զբաղված էի, բացի այդ էլ, զբաղված եմ իմ չորրորդ ձայնասկավառակի աշխատանքներով, դե մի խոսքով, զբաղվածությունն էր պատճառը: Հեչ պարտադիր չէ, որ ամեն Ազգային մրցանակաբաշխությանը ես էնտեղ լինեմ:
Ու քանի որ այս ոլորտը լայնացել է, վերջին շրջանում երգիչ-երգչուհիների քանակը շատացել է, կարծում եմ, որ պարտադիր չի նույն մարդկանց ամեն տարի տեսնել նույն առիթին: Թող բոլորն էլ գնահատվեն իրենց աշխատանքի եւ առհասարակ ասպարեզում իրենց ներկայության համար:
-Գիտեմ, որ Ձեր կոլեգաներից մի քանիսը նեղացել ու չէին եկել:
-Ես իրենց տեղը չեմ կարող պատասխանել, իմ փոխարեն եմ ասում` ոչ մի լուրջ իրավիճակ չկա: Անկեղծ եմ ասում, շատ եմ ուրախացել, որ Էրիկն է դարձել լավագույն երգիչ, որովհետեւ արժանի երգիչ է, լավ տղա: Շատ բան չգիտեմ` ինչ է տեղի ունեցել: Ես հիմա շրջաններում եմ, նախընտրական համերգներին եմ մասնակցում:
-Դո՞ւք էլ եք Հանրապետականի կողմից երգում:  
-Կողմից ասելը մի քիչ սխալ է, երգիչ եմ, պիտի երգեմ, նորմալ եմ համարում: Պետք չէ գաղափարական խտրականություններ դնել:
-Ուզում եք ասել, որ հայացքներով իրենց չեք հարում, պարզապես աշխատանք է, կատարո՞ւմ եք:
-Երբ ես ստորագրեմ ինչ-որ մի բանի տակ, դուք` լրագրողներդ, դրա մասին անպայման կիմանաք: Ես հանրապետական չեմ, առհասարակ կուսակցական չեմ, բայց ամեն անգամ  էլ մասնակցել եմ քարոզարշավների` թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Կարծում եմ` այստեղ տգեղ բան չկա: Ցանկացած ընտրության ժամանակ, ովքեր պետք է խոսեն, խոսում են, դա իրենց ասելիքն է, իրենց իրավունքը, մերն էլ` երգելն ու մարդկանց ուրախացնելն է:
-Պարզապես երգում ու իջնո՞ւմ եք հարթակից, թե՞ նաեւ կոչ եք անում ընտրել տվյալ կուսակցությանը:
-Ոչ մի երգիչ-երգչուհի պրոպագանդա չի անում, երգում է, ուրախ ժամանց է մաղթում ու իջնում է: Մեր ելույթը խառնել որեւէ անհատի կամ կուսակցության հետ` չի կարելի: Ես մի անգամ արդեն ասել եմ՝ եթե այլ կուսակցություն հրավիրեր ինձ համերգի, ես սիրով կգնայի: Գեղեցիկ տոն է ստեղծվում ամեն քաղաքում, մենք էլ մասնակցում ենք:
-Բայց փաստն այն է, որ ամեն երգիչ միայն մի կուսակցության կողմից է ելույթ ունենում: Չենք տեսնում, որ, օրինակ, «Դաշնակցության» կամ «Ժառանգության» համար երգեք:
-Բայց «Դաշնակցություն»-ը ե՞րբ է համերգ կազմակերպել, որ մենք չենք երգել:  
-Օրեր առաջ Կապանում էին մեծ համերգ կազմակերպել, նաեւ Երեւանում` Ազատության հրապարակում: Ի դեպ, Ներսիկ Իսպիրյանն էլ երգեց:
-Դե Ներսիկ Իսպիրյանին են հավանում, նրան են զանգել, ինձ չեն զանգել:
-Եթե այլ կուսակցությունից զանգեն, կգնա՞ք:
-Մենք այնպիսի երկրում ենք ապրում, որ ազատ ենք մեր որոշումների մեջ, եւ Հանրապետական կուսակցության կողմից որեւէ պահանջ չի դրվել, որ եթե ուրիշ կուսակցությունից հրավիրեն ձեզ, չերգեք, ես հավաստիացնում եմ Ձեզ: Ցանկացած կուսակցության լավ արարքին ու գործունեությանը հարում եմ:
-Ընտրություններին կատարո՞ւմ եք Ձեր քաղաքացիական պարտքը, մասնակցո՞ւմ եք:
-Ինչպես որ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը չեմ կարողացել գնալ, հնարավոր է` էնպես լինի, որ ընտրություններին էլ չգնամ: Բայց եթե կարողանում եմ, գնում եմ անպայման:
-Ունե՞ք նախընտրելի կուսակցություն:
-Իմ կուսակցությունը երգարվեստն է: Այս ամեն ինչը քաղաքականություն է, երբ ես մտնեմ քաղաքական դաշտ, դուք կիմանաք դրա մասին: Քաղաքականությունից ինֆորմացված եմ այնքան, ինչքան որպես սովորական քաղաքացի: Ես իմ կարծիքն ավելի սուր ու դիպուկ կարող եմ ուրիշ հարցերում արտահայտել, բայց ոչ այս ոլորտում:
-Հավատո՞ւմ եք, որ ընտրություններից հետո ինչ-որ բան կփոխվի:
-Ես մի բանին հաստատ հավատում եմ: Այն քաղաքացին, որը չի վաճառվում ու իր կարծիքը հստակ արտահայտում է ամեն ընտրության, այդ քաղաքացին ճիշտ է: Ու դա մեր երեխաների, մեր սերնդի ապագան է, որ մենք ենք կերտում: Իսկ այն մարդը, ում համար ուղղակի ստամոքսն է կարեւոր, կարծում եմ` ճիշտ չի ապրում:
-Ինչպիսի՞ երկիր եք ուզում մեր երեխաների համար:
-Բնականաբար, քաղաքակիրթ, օրենքը հարգող ու կարեւորող: Մեզ մոտ ամեն բան ուշ է շտկվում, բայց շտկվում է, ես զգում եմ այդ տենդենցը: Չե՞ք նկատել, մեզանում շատ պակասել է «դու պրոբլեմ չունես» արտահայտությունը:
-Կարծո՞ւմ եք:
-Այո՛, անհատները, որոնք կարծում էին, թե ամեն ինչ կարելի է, տարիներ առաջ շատ էին իրար ասում, բայց այսօր այդ արտահայտությունը պակասել է, որովհետեւ մարդիկ սկսել են հաշվի առնել հանրության կարծիքը ու հասկանում են, որ իրենք թագավոր չեն:
-«Դու պրոբլեմ չունես» արտահայտությունը Ձեզ վերաբերո՞ւմ է, թե՞ Դուք ունեք խնդիրներ:
-Այս պահին ես պրոբլեմ չունեմ, բայց ցանկացած մարդ կարող է պրոբլեմ ունենալ, եթե սխալ շարժվի:  

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս