Գյուղացիների ջրով ձկնաբուծարաններ են պահում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտեզյան ջրերից սպասարկվող ձկնաբուծական տնտեսությունների 99 տոկոսը Արարատյան դաշտավայրում է` Արմավիրի եւ Արարատի մարզերում: Մասնագետների պնդմամբ՝ ձկնաբույծների անխնա օգտագործած ու մաքուր վիճակում բաց թողած ջուրն այլեւս ընդերք չի վերադառնում: Այն լցվում է Սեւ ջուր գետը, այնուհետեւ գնում թափվում է Արաքս: Այս պատճառով էլ բացված հորատանցքերը պետք է փակել, որպեսզի տարիներ հետո ջրի պաշարները գոնե մասամբ վերականգնվեն: Սակայն գյուղապետերի պնդմամբ՝ ինչքան էլ խորքային հորերը լուծարվեն, միեւնույն է՝ դրական արդյունք չի լինի:

Նշենք, որ ձկնաբուծարաններին ջրօգտագործման անխնա թույլտվությունները տրվել են առավելապես բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի պաշտոնավարման տարիներին: Արարատյան ավազանի ընդդերքային ջրային ռեսուրսների սպառման խնդրի մասին արդեն տեւական ժամանակ է՝ բարձրաձայնում են ոչ միայն մասնագետ բնապահպանները, այլեւ անգամ պետական ատյանները: Այլեւս ակնհայտ է, որ բնությունը չի հասցնում վերականգնել ընդերքային ջրային պաշարները, ինչի արդյունքում էլ Արարատի մարզում ընդերքի մի հատված պարզապես դատարկվել է:
Ձկնաբուծական տնտեսություն ունեցող գյուղերի ավելի ցածր գոտիներում գտնվող հողամասերում գյուղացիները կարողանում են ոռոգման համար կիրառել ձկնաբուծարանների օգտագործած ջուրը, բայց մասնագետների խոսքով՝ այն արդեն պակաս օգտակար է ու ավելի քիչ թթվածին է պարունակում:

Սակայն կան ձկնաբուծարաններ, որոնք իրենց օգտագործած ջուրը պարզապես չեն կարողանում տրամադրել գյուղացիներին՝ պատճառաբանելով, որ դա մեծ ծախսերի հետ է կապված: Արդյունքում, ջրային այդ հսկայական եւ թանկ ռեսուրսի մեծ մասը կորչում է: Այս ձկնաբուծարանների սեփականատերերն իրենց արդարացնում են՝ նշելով, որ իրենց ձկնաբուծարանները ոռոգման տարածքից ավելի ցածր մակարդակի վրա են գտնվում եւ ջուրը դաշտերին հասցնել պարզապես հնարավոր չէ` առանց հավելյալ ծախսերի, ինչը, բնականաբար, նրանք մտադիր չեն անել գյուղացիների փոխարեն: Արդյունքում հեռացված ջրերը թափվում են հիմնականում Սեւ ջուր եւ Հրազդան գետեր:

Իսկ ահա «Հայ ձկնաբույծների միավորման» նախագահ Արմեն Բունիաթյանը հակառակն է պնդում՝ նշելով, որ ցանկացած ձկնաբույծ պատրաստ է այդ ջուրը տրամադրել գյուղացիներին: «Ուղղակի վերցնող չկա: Այս նույն հարցը ես փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մոտ համարյա մեկ տարի առաջ բարձրացրեցի, իսկ նա էլ ասաց, որ մարդիկ չեն ուզում այդ ջուրն օգտագործել: Թող չվերագրեն ձկնաբույծին, թե իբր նա չի տալիս, հակառակը: Դա այդքան էլ մեծ ծախսերի հետ կապված չէ: Ընդամենը պետք է մի հատ պոմպ տեղադրել եւ ջուրը մղել այնտեղ, որտեղ պետք է: Եվ այս ամենի հետ գյուղապետերն էլ այդքան կապ չունեն, ինչքան ՋՕԸ-երը»,- պարզաբանեց Բունիաթյանը:

Նորամարգի գյուղապետ Սարգիս Գալստյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենց համայնքում վերջին մի քանի ամիսներին լուծարվել է չորս ապօրինի խորքային հոր: Ներկայում համայնքում գործում է 8 ձկնաբուծարան. «Սակայն մեր գյուղում գործող ձկնաբուծարանները չեն կարող հետադարձ տարբերակով ջուր տրամադրել գյուղացիներին, դա մեծ ծախսերի հետ է կապված»,- նշեց գյուղապետը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսություններում ԲՆ-ն ընդհանուր առմամբ շուրջ 100 խորքային հորեր է լուծարել եւ փականային ռեժիմի բերել: ՀՀ ԲՆ-ի տվյալներով՝ հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսություններում խորքային հորերը լուծարելու եւ փականային ռեժիմի բերելու արդյունքում խնայվել է 952լ/վ խորքային ավազանի ջուր (փականային՝ 478լ/վ, լուծարված՝ 474լ/վ), ինչը տարեկան կազմում է 30.022.272 մլն խ/մ ջուր:
Իսկ ահա վերջերս բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ստեղծած աշխատանքային խումբը Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում գտնվող «Յունիֆիշ» ընկերությանը պատկանող ձկնաբուծական տնտեսությունում իրականացրեց ավելի ջրաքանակ արձանագրած թվով 5 խորքային հորերի լուծարման աշխատանքներ, որոնց ընդհանուր ջրատվությունը կազմում էր 1070լ/վ, 33.7մլն խ/մ ջուր:

«Ժողովուրդ»-ը փորձեց գտնել այս ընկերության սեփականատերերին, սակայն նրանք երկրում չէին: Այդ պատճառով էլ փորձեցինք Սայաթ-Նովա համայնքի ղեկավար Ռազմիկ Ալավերդյանից հետաքրքրվել, թե հորերի լուծարումը որքանով է ազդում ընկերության գործունեության վրա: Ալավերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նման դեպքերում, սովորաբար, ձկնաբուծարանների սեփականատերերը համաձայն չեն լինում հորերի փակմանը:

«Սրա արդյունքում, իհարկե, ձկնաբուծարանները տուժում են: Ուզում է` բոլոր հորերը փակեն, միեւնույն է, դրանից մեր գյուղը ջրի առումով չի բերալավվի: Արտեզյան հորերը նստած են: Ոչինչ փոխել չի լինի»,- լրացրեց գյուղապետը: Ի դեպ, Ալավերդյանից տեղեկացանք նաեւ, որ «Յունիֆիշ»-ը նույնպես իր օգտագործած ջուրը չի տրամադրում գյուղացիներին. «Խոստացել է, բայց հիմա չգիտեմ, թե ինչ կլինի»:

Մասիս ՋՕԸ տնօրեն Վարդան Մովսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նույնպես նկատեց, որ ձկնաբուծարանների օգտագործած ջուրը գյուղացիներին տրամադրելու համար մեծ ծախսեր է հարկավոր անել:

«Դրանք էլեկտրականության հետ կապված ծախսեր են, պոմպեր են պետք: Ջրօգտագործման թույլտվության մեջ նշված է, որ յուրաքանչյուր ձկնաբույծ հնարավորություն ունենալու դեպքում պետք է իր օգտագործած ջուրը տրամադրի գյուղացիներին»,- այդուհանդերձ հիշեցրեց Մասիս ՋՕԸ տնօրենը: «Ժողովուրդ»-ի հարցին` արդյոք ձկնաբուծարանի օգտագործած ջուրը պիտանի՞ է ոռոգման համար, նա պատասխանեց. «Ոռոգման համար՝ այո»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս