ՀԱՅՐԸ ՔՆՈՒՄ Է ՈՐԴՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամկետային զինծառայող Նարեկ Գալստյանը զոհվել է 2008-ի մայիսի 9-ին` Շուշիի հաղթանակի օրը, Ագարակի զորամասում: Ըստ պաշտոնական վարկածի` Նարեկը ինքնուրույն գնացել է խիստ արգելված գոտի, որտեղ պատահաբար ընկել է բենզինի բաքն ու խեղդվել, սակայն նրա հորաքույրը` Սուսաննա Գալստյանը, պնդում է, որ պաշտոնական վարկածը սխալ է, իսկ քրգործն ու դատաքննությունը` նենգափոխված:
Այս տարվա մայիսին կլրանա նրա մահվան չորրորդ տարին, իսկ մեղավորները դեռ չեն գտնվել ու պատժվել: Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը դատաքննությունից հետո վճիռը կարդացել է առանց ծնողների ներկայության: Դեպքի կապակցությամբ տվյալ զորամասի կապիտան Արամ Սոկրատի Հարոյանը սխալ գրանցումներ անելու համար տուգանվել է 150 հազար դրամով, իսկ շարքային Ավետիս Ավետիսյանը կալանավորվելուց երկու ամիս անց ազատ է արձակվել: Նշենք, որ Արամ Սոկրատի Հարոյանը գրանցամատյանում նշել է, որ տեղի ունեցած դեպքի ժամանակ Նարեկը քնած է եղել, սակայն ստուգումների արդյունքում պարզվել է, որ սխալ է:
«Ժողովուրդ»-ը զրուցեց սպանված զինծառայողի հորաքրոջ հետ, որը 4 տարի է` պայքարում է եղբոր որդու մահվան առեղծվածը բացահայտելու համար: Նարեկի հորաքրոջ համոզմամբ` քրեական եռահատոր գործն ամբողջովին նենգափոխված է. ոչ մի կերպ հնարավոր չէ ապացուցել, որ նրանք սխալ են: «Ես խոսել եմ իր հետ ծառայած տղաներից մի քանիսի հետ, որոնք ասել են, որ  դիտավորյալ սպանություն է եղել: Երկու տարի կարատե պարապած սպորտսմեն տղան մի՞թե չկարողացավ դուրս գալ բաքից»,-զարմանում է սպանված զինծառայողի հորաքույրը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, ըստ հորաքրոջ, իրենց ասել է, որ քննիչները ճիշտ են վարվել: Ավելին, եթե Նարեկը մահացած չլիներ, ապա գողության համար հետախուզում կհայտարարվեր նրա նկատմամբ: «Երկու տարի չգողացավ, վերջին 20 օրում փորձեց գողանա՞լ»,-կասկածամտորեն հարցնում է սպանվածի հորաքույրը:
Այսօր Նարեկի հարազատները պահանջում են քրեական գործը նորից քննել. «Մենք հանգստացող չենք»: Տիկին Սուսաննան Նարեկի ծառայակից ընկերների հետ է խոսել, սակայն նրանք սկզբում վախեցած են եղել եւ այլ բան ասել, իսկ հիմա նրանցից ոչ ոք երկրում չէ. «Մեկը Ռուսաստան է, մյուսը` Կիրգիզիա»:
Բայց նա մի տեղեկություն ունի, որը հաստատում է իր կասկածները: Պարզվում է` դեպքի օրը Նարեկն իր ամենամտերիմ ընկերոջ` Վլադ Ալավերդյանի հեռախոսով ժամը 24:00-ին զանգահարել է մորը, սակայն մայրը չի պատասխանել: Իսկ ժամը 02:00-ին պատահել է այդ դեպքը, որից հետո Վլադը զանգ է տվել Նարեկի հորն ու ասել. «Ես որ գամ, ձեզ շատ բան ունեմ ասելու»: Վլադը հինգ-վեց ամիս հետո հանդիպել է Նարեկի հորն ու ասել, որ ընդամենը ցանկացել է ցավակցել:
Ալավերդցի Նարեկը ծնվել է մանկավարժների ընտանիքում, ունի մեկ քույր: Նրա մահից հետո ընտանիքը քայքայվել է` ծնողները բաժանվել են. Նարեկի մայրը որդու մահվան մեջ մեղադրում է ամուսնուն, իսկ վերջինս` կնոջը: Մայրն ասում է` «ինչո՞ւ ուղարկեցինք բանակ, իսկ հայրն էլ թե` «իմ որդին, սպորտսմեն տղես, իմ առողջ տղեն երկու տարին ի՞նչ է, որ չծառայի, փախչի՞ բանակից»:
Արդյունքում Նարեկի մայրը որդու մահից հետո լուրջ առողջական խնդիրներ ունի, իսկ հայրն ամեն գիշեր քնում է որդու գերեզմանին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս