Ո՞վ է դրսի ուժերին ծառայում .հայտարարություն Մաշտոցի Պուրակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցների հայտարարությունը.
Հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունների համատեքստում Մաշտոցի պուրակում ծավալվող պայքարի շուրջ բազմատեսակ շահարկումները, անհրաժեշտ ենք գտնում հրապարակել հետևյալ հայտարարությունը:
Մեր գնահատմամբ, Հայաստանում տիրող քաղաքական համակարգը ոչ ժողովրդավարական է: Ուստի նման համակարգում ազատ և արդար ընտրությունների անցկացման հավանականությունը նվազագույն է: Այնուամենայնիվ, այն, որ ընտրությունները թեկուզ ժամանակավոր փոխում են իրավիճակը` փաստ է. կոալիցիան փորձում է էլ ավելի սպիտակ լույսի ներքո վերարտադրվել, իներցիայով դեռ շարունակում է ասֆալտապատումներ իրականացնել, խաղահրապարակներ կառուցել (երբեմն կանաչ տարածքների հաշվին), ջեմ, խոստումներ և այլ բաներ բաժանել… Ընդդիմությունն էլ սովորականից ավելի ակտիվ է խոսում ժողովրդի ձայնը լսելու, նրա կամքն առարկայացնելու պատրաստակամության մասին: Սրանք ներկայացուցչական դեմոկրատիա հաստատելու կամ դրա հաստատումը թույլ չտալու հաջողված կամ անհաջող փորձեր են: Այն, որ ընտրությունները վաղուց են կեղծվում` փաստ է: Այն, որ կեղծելու փորձերը նորից են արվելու և դրանք կանխելու փորձեր էլ են լինելու` նույնպես կանխատեսելի է:
Մաշտոցի պուրակի պայքարը հանրային տարածքների և հանրային սեփականության վերանվաճման համար տարվող գործընթաց է, իսկ գործող անձինք և գործընթացը առաջ մղող ուժը ինքնորոշված քաղաքացիներն են, որոնք որոշել են որևէ կուսակցական ուժի թույլ չտալ ձևափոխել քաղաքացիական պայքարի տեսակը: Այս պայքարին մասնակցում են տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն ինքն է որոշում` մասնակցել թե չմասնակցել ԱԺ ընտրություններին, ինչ քաղաքական կուսակցության հետևել կամ չհետևել: Մաշտոցի պուրակի համար պայքարող քաղաքացիական նախաձեռնություններս ու անհատներս կարևորում ենք սահմանադրական կարգի հաստատումը և ձգտում ենք իրագործել դա մեր առաջնորդած գործընթացով:
Մաշտոցի պուրակում ծավալվող պայքարը կոլեկտիվ ուղիղ քաղաքական գործողություն է` քաղաքացիական գիտակցությամբ մասնակցային դեմոկրատիայի հաստատման փորձ: Այսինքն, մարդկանց մի խումբ ունի տեսակետ հանրային կյանքի կազմակերպման վերաբերյալ և դուրս է եկել հանրային ոլորտ, որպեսզի ուղղակիորեն պաշտպանի իր շահերը, կենսագործի իր իրավունքներն ու պարտականությունները և գործնականում ազդի իրեն հետաքրքող հարցերի հետ կապված որոշումների կայացմանն ու ընթացող պրոցեսին, այլ ոչ թե ընտրում է մեկին, ով ենթադրվում է, որ պետք է ներկայացնի իր շահերն այս կամ այն պատկան մարմիններում:
ՀՀ Սահմանադրությունը և կարգը հարգելով՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրել պայքարի իր ճանապարհը և ընտրության իրեն համապատասխան տեսակը և ավելի արդյունավետ կլինի, որ ամեն մեկը հետևի, որպեսզի իր նախընտրած մեխանիզմն ավելի հստակ աշխատի և ՀՀ քաղաքացու ձայնը լինի ավելի լսելի ու որոշիչ` փոխանակ ուրիշին մեղադրելու իր տեսակետը չկիսելու համար:
Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանությանը, ապա կոչ ենք անում վերջինիս կատարել իր առաքելությունը, այն է` պաշտպանել ՀՀ քաղաքացիներին ու հանրությանը ապօրինություններից և ապօրինի որոշումներից, հարգելով ՀՀ Սահմանադրությունն ամենուրեք՝ Մաշտոցի պուրակում, ընտրություններում և այլն: Այն դեպքում եթե ոստիկանությունը շարունակի բռնի և անհամաչափ ուժի կիրառումը իրենց սահմանադրական իրավունքները կենսագործող քաղաքացիների ու հանրության դեմ, մենք ստիպելու ենք ոստիկանությանը մշտապես բազմապատկել իր ներկայությունը Մաշտոցի պուրակում` սրանով իսկ ցույց տալով, որ այն ծառայում է փոքրաթիվ քրեածին օլիգարխների ապօրինություններին և երաշխավորում է դրանց իշխանությունը` ի հակառակ իր օրինական առաքելության:
Հետգրություն
Իսկ ինչ վերաբերվում է դրսի ուժերին ծառայելու մասին ոչինչով չպատճառաբանված դատարկաբանությանը, ապա ժամանակն է հասկանալ, որ անկախ ամեն ինչից արտասահմանի հետ շփումը, մտավոր և առարկայական կապիտալի փոխանակությունները կառավարության կամ օլիգարխների մենաշնորհը չեն, դրանցում ոչ մի պարսավելի բան չկա ու այսօր ամբողջ աշխարհում դրա առողջ դրսևորումները համաչափ զարգացման նախապայման են, եթե տեղի են ունենում իրավահավասար ինքնորոշված գործոնների միջև: Դրսի ուժերին ծառայում են հենց ՀՀ իշխանություններն ու այլասերված վերնախավերը` մեր պետությունը և սերունդներին հսկայական արտաքին պարտքի բեռի տակ դնելով, սնանկացնելով և ամոթալի գումարների դիմաց թույլ տալով տեղական ընդերքի հարստությունների թալան, հողատարծքների թունավորում, մեր ժողովրդի կյանքի ու գոյության վտանգում` ի շահ արտասահմանյան ընկերությունների և օլիգարխների, որից նաև ներքին օլիգարխներն են իրենց բաժինը ստանում:
Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցներ




Լրահոս