Նոր տարին սարերի հետևում չէ, և ավանդական դարձած թանկացումներն այս տարի ևս չեն շրջանցի ավիափոխադրումների ոլորտը: armlur.am-ի հարցին` արդյոք առաջիկայում սպասվում են ավիատոմսերի թանկացումներ, AvaTour ավիաընկերության աշխատակցուհի Անահիտը պատասխանեց:
Վերջինիս փոխանցմամբ` այս պահի դրությամբ ՌԴ մի շարք քաղաքներ ավիատոմսերի գներն արդեն իսկ թանկացել են: Մասնավորապես, Երևան-Կրասնոդար և Երևան-Մինվոդի ուղղություններով ավիատոմսերի գներն աճել են 10 հազար դրամով` դառնալով համապատասխանաբար 65 և 68 հազար դրամ:
«Չի թանկացել միայն դեպի Մոսկվա չվերթի գինը: Այն այս պահին 88 հազար դրամ է: Նոր տարվան նախորդող օրերի համար ավիատոմսեր այս պահի դրությամբ չկան: Նշեմ նաև, որ կարող եք անակնկալ պահի գալ, և շաբաթ-կիրակի օրվա համար այլևս տեղեր չլինեն: Մյուս օրերին համեմատաբար հեշտ է տեղ զբաղեցնելը»,- հայտնեց ավիաընկերության աշխատակցուհին` հավելելով, որ Երևան-Եկատերինբուրգ ուղիղ չվերթի ավիատոմսի գինը, տևական ժամանակ է, կայուն 124 հազար դրամ է: Նա վստահեցրեց նաև, որ գնացողների և վերադարձողների թվերի մեջ էական տարբերություններ չկան. շատ են թե՛ գնացողները, թե՛ վերադարձողները: