Ալրաղացի Լյովիկը մեծ ցանկություն ունի ղեկավարել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 10-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ խորհրդարանում առաջիկայում ուշագրավ նշանակում է տեղի ունենալու. ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը ցանկանում է իրեն խորհրդական նշանակել ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ): Այս հարցում Սահակյանի մոտ միջնորդել է նրա աներորդին` ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ), ով Լ. Սարգսյանի մտերիմ ընկերն է: Սակայն կարծես թե այդ նշանակումն այնքան էլ նրա սրտով չէ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իրեն պատկանող Սեւանի «Աղթամար» հյուրանոցում ապրող Լեւոն Սարգսյանը մեծ ցանկություն ունի ղեկավարել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը: Բանն այն է, որ ՊՈԱԿ-ն առ այսօր տնօրեն չունի: Նախկին տնօրեն Աշոտ Գնդոյանն ազատվել է այդ պաշտոնից եւ նշանակվել ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Թե ինչու է Սարգսյանը ցանկանում պարկի տնօրեն նշանակվել, մեզ չի հաջողվում ճշտել: Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանի հետ, ով ամենօրյա շփման մեջ է Սարգսյանի հետ: «Ի՞նչ պաշտոն է ուզում Լեւոն Սարգսյանը, դուք տեղյա՞կ եք»՝ մեր այս հարցին Աղաբաբյանը յուրօրինակ պատասխան տվեց. «Լեւոն Սարգսյանն ինչ ցանկություն ունի, պետությունը պետք է պարտավոր լինի կատարելու, որովհետեւ ինքը մեծ ներդրումներ ունի մեր պետության համար»: Տեղեկացնենք, որ, թերեւս, ներդրումներից մեկն էլ այն է, որ տարիներ առաջ ծնված իր որդու անունը Լեւոն Սարգսյանը դրեց Սերժ, որպեսզի տանը փոքրիկ Սերժ Սարգսյան ունենա:
Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը քաղաքական ասպարեզից հեռացավ 2008-ին, երբ նրա անմիջական հրահանգով թիկնապահները «Օդնոկլասսնիկի» սրճարանում ծեծելով սպանեցին 2 երեխաների հայր, 35-ամյա Անդրանիկ Բաբայանին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս