Westernhanger Auctioneers-ն աճուրդի է հանել այդ կազմակերպության պատմության մեջ ամենաարտասովոր իրերը: Վաճառքի են հանվել Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի գիշերային վարտիքն ու շապիկը, որոնց նախնական գինը կազմում է երկու հազար ֆունտ ստերլինգ: Թագուհու ներքնազգեստը մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացնում, գրում է Metro-ն:
75 տարի պահարանում պահված ներքնազգեստը, աճուրդի տան ներկայացուցիչների խոսքով, շատ լավ է պահպանվել: Բրիտանացիները համարում են, որ, դատելով ներքնազգեստից, նրա նախկին տիրուհին տպավորիչ չափսեր է ունեցել:
Լրագրողները կատակում են՝ ասելով, որ վարտիքի ամեն ոտքի մեջ Victoria Secret ներքնազգեստի բրենդի երկուական մոդել կտեղավորվեն:
Հայտնի է, որ Վիկտորիան այդ ներքնազգեստը նվիրել է թագավորական պալատի մի ներկայացուցչի՝ այդպիսով շնորհակալություն հայտնելով նրան երկարամյա ծառայության համար:
Աճուրդը կկայանա Քենտ կոմսության Սթենֆորդ քաղաքում: