27 OT 027

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
27 OT 027 “Օպել” մակնիշի մեքենայից մարդկանց ցուցակով գումարներ են բաժանում. Գայանե Առուստամյան
15:39 գ 06.05.12
 
Թիվ 1 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Գայանե Առուստամյանը Tert.am-ին հայտնեց, որ իր ընտրատարածքում ընտրակեղծիքներն իրականացվում են բացահայտ ձևով: “1/012 ընտրատեղամասի առջև կանգնած 27OT027 “Օպել” մակնիշի մեքենայից մարդկանց ցուցակով գումարներ են բաժանում: Մարդիկ գալիս են, քվեարկում, ապա մոտենում, այդ մեքենայիó ստանում իրենց հասանելիք գումարը”,-ասաց նա: 
Բացի այդ՝ Գայանե Առուստամյանը նշեց նաև, որ Ալմա-Աթայի 71 շենքի բակում, որտեղ Հանրապետական կուսակցության շտաբն է տեղակայված, իր համախոհները, տեսնելով մեծաթիվ մարդկանց, մոտեցել ու հարցրել են, թե ինչու են ցուցակագրվում:
“Պատասխանել են՝ մեր շենքի հիվանդներին ենք կազմակերպում, որ տանենք ընտրության”,-պատմեց Գայանե Առուստամյանը և հավելեց, թե բնակիչները նաև ասել են՝ չգիտե՞ք, որ Ավանում բոլորը ՀՀԿ-ական են ու նշել. “Տարոն Մարգարյանի ցավը տանենք մենք”: Գայանե Առուստամյանը նաև ասաց, որ առավոտից Ավանի ընտրատեղամասերում բավական մեծ կուտակումներ են եղել:
Պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանի շտաբի պետ Մովսես Արիստակեսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ մի շարք տեղամասերի ընտրացուցակներում 2000-ից ավելի մարդիկ կան: “Չի կարելի, որ այդքան մարդ մեկ տեղամասում ընտրի”,-բացատրեց նա:
Արիստակեսյանը նաև հավելեց, որ Տարոն Մարգարյանին պատկանող երթուղային տրանսպորտի գծերը ՀՀԿ շտաբներից մարդկանց տեղափոխում են ընտրատեղամասեր: “L 0043, L 0327, L 0045, L 0347, L 3244, սրանք այն մեքենաներն են, որոնք տեղափոխում են ՀՀԿ շտաբից դեպի տեղամասեր: Դրանք Խուդյակովի 84/4, 84/2, 84/ 3 բակերում գտնվող ՀՀԿ շտաբներից են մարդկանց տեղափոխում”,-ասաց Արիստակեսյանը:
Բացի այդ՝ Մովսես Արիստակեսյանը նաև տեղեկացրեց, որ 1/8 տեղամասի հանձնաժողովի նախագահը ստացել էր փաստաթղթերը և ընտրատեղամաս տանելու փոխարեն տարել էր իր տուն:




Լրահոս