«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2013թ դեկտեմբերի վերջին ՀՀ ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի աղմկահարույց առանձնազրույցը գաղտնի ձայնագրառելու եւ այն համացանցում տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործ կասեցվել է:
Ինչպես գաղտնալսեցին
ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը եւ ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երեւանի «Ռիչ» սրճարանում գաղտնի հանդիպել էին ու զրուցել ամենատարբեր թեմաներով: Հետագայում պարզվեց, որ զրույցի ողջ բովանդակությունը գաղտնալսվել էր, ձայնագրվել: Այն նախ էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել էր ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանին եւ Նիկոլ Փաշինյանին: Ու երբ որեւէ կերպ վերջիններս չարձագանքեցին, անհայտ անձիք զրույցի ձայնագրությունը տեղադրեցին համացանցում: Իհակե, այսօր արդեն համացանցից ջնջված է այդ ձայնագրությունը, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում: Փաստ է, որ երկու պատգամավորների խոսակցությունը գաղտնալսվեց, հանրայնացվեց՝ դրանով խոչընդոտելով մարդու անձնական կյանքի իրավունքը:
Դատախազության իմիտացիան
Օսկանյանն ու Զուրաբյանը դիմում գրեցին ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրգործ հարուցել, գտնել եւ պատժել հանցագործություն կատարած անձին կամ անձանց: ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումն ուղարկվեց ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Ռիչ» սրճարանում գաղտնի ձայնագրվել է նրանց առանձնազրույցը, իսկ 2012 թվականի դեկտեմբերի կեսերին այն տեղադրվել է համացանցում: Պատգամավորները հարցաքննվեցին որպես վկա՝ հայտնելով տեղի ունեցած հանդիպման մանրամասները: Այնուհետեւ 2013թ մայիսին առանձնազրույցի ապօրինի ձայնագրողների եւ youtube.com-ում բեռնողների մասին տեղեկատվություն ստանալու համար ՀՔԾ-ն դիմել էր «Google Inc», «YouTube .LLC» կազմակերպություններին:
Ավելի ուշ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով միջնորդություն էր ուղարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմիններին՝ պարզելու համապատասխան օգտատերերի գրանցման վերաբերյալ տվյալները: Ըստ ՀՔԾ-ի՝ միջնորդության կատարման արդյունքները մինչ օրս չեն ստացվել, եւ մինչ այս պահը կատարված քննչական եւ օպերատիվ հետախուզական գործողություններով հնարավոր չի եղել պարզել հանցագործությունը կատարած անձին:
Գծի մեջ
Հիշեցնենք, որ պատգամավորները զրուցել էին ՀԱԿ-ի առանձին անդամների վերաբերմունքի մասին ԲՀԿ ու Կոնգրեսը համագործակցության համատեքստում: Լեւոն Զուրաբյանն Օսկանյանին մանրամասն պատմել էր, թե ՀԱԿ-ից ով է ԲՀԿ-ի հետ համագործակցության «գծի մեջ», ով է «գծից դուրս»: «Նիկոլն էլ, Բագրատյանն էլ շատ հստակ ծրագրով են շարժվում. ասելու են՝ դնենք, մոռթենք սաղին: Ներսից իրանք են գործելու, դրսից միշիկները, պլյուս արդեն դուրս եկածները` Արամ Սարգսյան, Դավիթ Շահնազարյան, եւ այլն, եւ այլն, դառնալու ա շատ դժվար կառավարելի բան»,- Օսկանյանի մոտ անկեղծացել էր Լեւոն Զուրաբյանը՝ բավականին արհամարհական տոնով արտահայտվելով նաև Մարտի 1-ի ողբերգական դեպքերի, իսկ ավելի հստակ` կայանալիք նախընտրական քարոզարշավի ընթացքում դրանց վրա ուշադրությունը կենտրոնացնելու մասին:
Անհայտ անձը
Դեպքից անցել է շուրջ 2 տարի, եւ «Ժողովուրդ»-ը Հատուկ քննչական ծառայությունից փորձեց հետաքրքրվել, թե ինչ փուլում է գտնվում փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՔԾ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին.«ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն www.youtube.am ինտերնետային կայքում վերբեռնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով»:
Այսինքն՝ քրեական գործով վարույթը կասեցվել է, քանի որ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ: Բայց որպեսզի հատկապես այս քաղաքական շրջանում աղմուկ չբարձրանա, ՀՔԾ-ն նաեւ վստահեցրել է, թե որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն ընթացքի մեջ են: Թե ինչ որոնողական աշխատանքներ են կատարվում եւ ինչ փութաջանությամբ, արդեն կարելի է եզրակացնել:
Եւ այս իրավիճակում մեզ մնում է արձանագրել, որ քաղաքական երկու գործիչների զրույցը ձայնագրվել է ամենաբարձր հրահանգով, քանի որ առաջին անգամը չէ, որ առիթ է եղել համոզվելու, որ մեր երկրում մի տեսակ անառողջ հետաքրքրություն կա քաղաքական զրույցները գաղտնալսելու, ձայնագրելու հանդեպ: Իսկապես որ ապրում ենք Նիկոլ Փաշինյանի ասած «ժուչոկների երկրում», որտեղ ամենահարգի «մասնագիտությունը» «դոսիե» հավաքելն ու ճիշտ ժամանակին տեղ հասցնելն է:
Քնար Մանուկյան