ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ ՍՊԱՆԵՑԻՆ ՀԱՅԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ Հադրութի շրջանի N զորամասում փետրվարի 6-ին, մոտավորապես ժամը 19-ին սպանվել է ժամկետային զինծառայող, 1992 թվականին ծնված վանաձորցի Գեւորգ Կոտինյանը: 9-ը ամսվա զինծառայող Գեւորգը մահացել է նույն զորամասի զինվորների կողմից իրականացրած դաժան ծեծի հետ¨անքով: Երեկ 19-ամյա Գեւորգի դիակն արդեն տանն էր: Տիրող անպատմելի իրավիճակում, երբ ամեն կողմից լսվում էին աղեկտուր լացի ձայներ,  այնուամենայնիվ, փորձեցինք հարազատներից ինչ-որ տեղեկություններ ստանալ մահվան հանգամանքների վերաբերյալ: Հարազատների խոսքերով, փետրվարի 7-ին իմանալով դեպքի մասին, իրենք գնացել են Երեւան, որպեսզի անձամբ համոզվեն` մահացողը Գեւորգն է, թե՞ ոչ: «Երբ Գոգայիս երեսը բացեցի, տեսա, որ երեսի ձախ կողմը կապտած է: Ջանի վրա սաղ տեղ չկար»,- նկարագրեց Գեւորգի պապը` Զալիկո  Կոտինյանն ու ավելացրեց. «Մեզ ասին, որ ինչ-որ 6 հոգի են եղել, ծնունդ ա եղել, խմած են եղել: Գեւորգն էլ գնացել ա, պապիրոսը վառել պեչկից ու ձեռքերը գրպանները դրել: Դրանցից մեկն ասել ա, թե խի՞ ես ձեռքերդ գրպանդ դրել, մեր երեխեն Էլ ասել ա` ուզում եք դուք էլ ձեռքերդ գրպաններդ դրեք: Ասում են` պատճառը դա է եղել»: Հարազատները ամոթալի են համարում այն ստահոդ լուրերը, թե Գեւորգը ինֆարկտից է մահացել կամ, հիվանդ էր մինինգիտով: «Երեխու մարմնի վրա արյան զեղման բազմաթիվ հետքեր կային» – վստահեցրեցին հարազատները:Նրանք տեղեկացրեցին, որ զինկոմիսարիատի արձանագրությունում նշված է, որ զինվորը ենթարկվել է բռնության, մահվան վկայականում որպես մահվան պատճառ նշված է. «Կրծքավանդակի բութ հարված եւ սրտի սալջարդ»: Կոտինյանները սոցիալապես անապահով ընտանիք են: Վերջիններս 7 հոգով բնակվում են մեկ սենյականոց տանը: Եղբայրը` Կարենը, երկու անչափահաս երեխաների հայր է: Թե՛ հարազատները, թե՛ հարեւանները միաբերան վկայում են, որ Գոգան համեստ, բոլորին օգնելու պատրաստակամ տղա էր. «Ով ինչ օգնության կարիք ուներ, հասնում էր, նունիսկ այն ժամանակ, երբ չէին դիմում իրեն»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ոստիկանության  Լոռու մարզի վարչության պետի տեղակալ Վազգեն Բադալյանը, ով սպանվածի հարեւանն է: «Հիմա դրանք որ նստեն էլ, մի քանի տարի հետո դուրս են գալու: Իրենք քայլելու են երկրի երեսին, իսկ մեր երեխին էլ ետ չես բերի»,- ասաց սպանվածի մորեղբայրը: Կոտինյանների բակում կանգնած էին նաեւ զորամասի հրամանատարության ներկայացուցիչները: Զորամասի հետախուզության պետ, մայոր Բարսեղյանը մեզ հետ  ունեցած զրույցում միջադեպը որեւէ կերպ չմեկնաբանեց, միայն նշեց, որ Գեւորգը կարգապահ զինծառայող էր, իսկ սպանությունը` միջանձնային փոխհարաբերությունների հետեւանք: «Հետաքննությունը շարունակվում է: Այս պահին ոչ-ոք որեւէ հայտարարություն անել չի կարող»,- ավելացրեց սպան: Մայոր Բարսեղյանը նշեց նաեւ, որ կռվի բուն պատճառը դեռ պարզված չէ: Գուցե վիճաբանությունն այլ բանի համար է եղել, ասեկոսեները տարբեր են: «Հարուցված է քրեական գործ: Հետաքննությունից հետո ամեն ինչ պարզ կլինի: Այս պահի դրությամբ ձերբակալված 4 զինծառայող եւ 1 սպա կա: Նրանք գտնվում են Ստեփանակերտի Ռազմական ոստիկանության կալանատանը»: Ինչպես հայկական բանակում տեղի ունեցած շատ դեպքեր, այս սպանության զոհը դաստիարակված եւ համեստ երիտասարդ է: Ի՞նչ է կատարվում մեր բանակում, որտե՞ղ են հրամանատարները, ի՞նչ բարոյական արժեհամակարգ ունեցող երիտասարդներ են պաշտպանում մեր` թշնամու թիրախում գտնվող սահմանները, եւ դեռ ինչքա՞ն պետք է խաղաղ պայմաններում զինվորներ սպանվեն:  Այս հարցերը պատասխաններ են պահանջում, որոնց մի մասին ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հետ հարց ու պատասխանի ժամանակ փորձեց պատասխանել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Պաշտպանության նախարարությունը այնպիսի մի կառույց է, որն իր մեջ ներառում է նաեւ որոշակի գաղտնիություն, բայց այսօր Զինված ուժերում տեղի ունեցող գաղտնիությունները հրապարակային են, դա իմ սկզբունքներից է` անել եւ ցույց տալ բոլորին այն, ինչ ես անում եմ, չի եղել մի դեպք, որին մենք չարձագանքենք եւ համապատասխան որոշումներ չընդունենք:  Միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում, վիճաբանության, այնուհետեւ ծեծկռտուքի արդյունքում է տեղի ունեցել այդ ամենը, որը դիահերձման արդյունքում է ապացուցվել: Հարուցվել է քրեական գործ, եւ միանգամից բացահայտվել են այն երեք անձինք, որոնք կատարել են այդ արարքը, եւ քրեական ողջ գործընթացը կտա իր վերջնական արդյունքը»:Իհարկե, լավ է, որ գոնե այս սպանությունը պաշտոնապես չմատուցվեց որպես ինքնասպանություն, բայց անհասկանալի է, թե «գաղտնիքների հրապարակայնություն» ասելով` նախարարն ինչ ի նկատի ունի:ՀԵՐՄԻՆԵ ԶԱՄԱՆՅԱՆՎանաձոր




Լրահոս