Հոկտեմբերի 9-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսին և նրան ուղեկցող անձանց:
Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետը ներկայացրեց մեր հանրապետությունում անչափահասների և կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության դեմ պայքարի աշխատանքները արդյունավետ համակարգելու նպատակով իրականացված միջոցառումները, ինչպես և պատվիրակությանը հանձնեց վերջին շրջանում ոստիկանությունում կատարված աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերի փաթեթն ու տեսանյութերը:
Ընդգծելով ընտանեկան բռնությունների դեմ տարվող աշխատանքի կարևորությունը՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանությունում այդ ուղղությամբ պայքարն առավել արդյունավետ դարձնելու գիտակցությամբ է ոստիկանությունում կազմավորվել համապատասխան վարչություն, որին տրվել է բարձր կարգավիճակ: Կառուցվածքային այս փոփոխության դրական արդյունքներն արդեն իսկ ակնհայտ են:
Ի պատասխան հյուրերի՝ ոլորտի ծառայողների մասնագիտական պատրաստականության վերաբերյալ հարցին՝ ոստիկանության պետը նշեց, որ գործնական պարապմունքներն այդ, ինչպես և այլ ոլորտներում ոստիկանությունում պարբերական բնույթ ունեն, իսկ ոստիկանության ակադեմիայում այս օրերին էլ գործում է մասնագիտական դասընթաց՝ եվրոպացի գործընկերների համագործակցությամբ:
Սպառիչ պարաբանումներ տրվեցին նաև Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների՝ Հայաստանի ոստիկանությունում կանանց ծառայության, նրանց իրավունքների պաշտպանության, մասնագիտական ու ծառայողական առաջընթացի ապահովման վերաբերյալ հարցերին:
Հյուրերը ներկայացրին մեր հանրապետությունում արձանագրված ընտանեկան բռնության մի քանի կոնկրետ դեպքեր, և Վլադիմիր Գասպարյանը հաստատեց դրանք խորապես ուսումնասիրելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու ոստիկանության հանձնառությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ ևս: