Դեռեւս փետրվարի 29-ին` ժամը 9:30-ից 10:00-ի սահմաններում, ԼՂՀ պաշտպանական բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում սպանվել էր ժամկետային զինծառայող 19-ամյա Տիգրան Վանոյի Վարյանը: ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը տեղեկացրել էր, որ նախնական տվյալներով՝ նա սպանվել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից: Երեկ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ զինվորի մահվան գործով երեք հոգի կալանավորվել են, ու դեռեւս դատաբժշկական փորձաքննություն է ընթանում:
Տեղեկություններ էին շրջանառվում, թե սպանության պատճառ է դարձել Տիգրանին ուղարկված «տուլիկը», որտեղ իբր թե 60 հազար դրամ գումար է եղել: Այդ գումարի պատճառով զինվորները վիճաբանել են Տիգրանի հետ ու դաժանաբար ծեծել նրան, այնուհետեւ նրա իսկ ինքնաձիգով կրակել են ու սպանել: Նշենք, որ Տիգրան Վարյանը Աբովյանի բնակիչ էր եւ զորակոչվել էր 2011թ-ի առաջին զորակոչին` Կոտայքի զինկոմիսարիատից:
Տիգրանի ծնողները չեն հավատում, թե իրենց որդին կարող է ինքնասպան եղած լինել, եւ այդ իսկ պատճառով Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը նրանց առաջարկով մասնակցել էր դիահերձմանը: Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ Տիգրանին հրազենով սպանելուց առաջ դաժան ծեծի են ենթարկել, նա նաեւ շեշտել էր, որ զինվորը վնասվածքները ստացել էր մահվանից անմիջապես առաջ: Նրա խոսքով՝ Տիգրանի դեմքի վրա առկա են եղել բռնության հետքեր: «Քթարմատին, բերանի շրջանում սալջարդեր եւ քերծվածքներ, ծնոտի դիմային գծի ներքեւի հատվածում, հրազենային վերքից մի քանի սանտիմետր ներքեւ՝ երկարավուն կապտուկ: Վերջին վնասվածքը հուշում է այն մասին, որ սպանելու պահին զինվորը փորձել է դիմադրել, բայց դա նրան չի հաջողվել, որովհետեւ դիմադրել է մարդասպանների խմբին: Տիգրանի մահը, սակայն, վրա է հասել հրազենային կրակոցի արդյունքում: Ավելին, Տիգրան Վարյանը չէր կարող ինքնասպան լինել, նա նույնիսկ չէր հասցնի այդ քայլին դիմել, որովհետեւ ծեծելուց անմիջապես հետո նրան սպանել են»,-ասել էր Մարտիրոսյանը:
19-ամյա Տիգրան Վարյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով) եւ 375 հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահել, իշխանազանցություն կամ իշխանության անգործություն) հարուցված քրեական գործով մարտի 3-ին հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել էր հենակետի ավագ, լեյտենանտ Հովհաննես Աշոտի Հակոբյանը:
Այնուհետեւ՝ որոշ ժամանակ անց, Տիգրան Վարյանի մահվան գործով կալանավորվեցին նաեւ «Եղնիկներ» զորամասի կրտսեր սերժանտներ Էրիկ Սարգսյանը եւ Գեւորգ Մանուկյանը: Էրիկ Սարգսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով՝ զինվորական կանոնագրքի խախտում: Խափանման միջոցը ընտրվել է կալանքը: Գեւորգ Մանուկյանին էլ մեղադրանք է առաջադրվել մարտի 12-ին` ՀՀ քր. օր.-ի 375 հոդվածի 1-ին մասով՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)` պատժվում են ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Տիգրանի հարազատներից տեղեկանալ, թե գործն ինչ փուլում է գտնվում: 19-ամյա ժամկետային զինծառայողի եղբայրը՝ Յուրա Վարյանը, ասաց, թե իրենք դեռեւս սպասում են փորձաքննության արդյունքներին. «Դեռ բան չկա, սպասում ենք դատաբժշկի պատասխանին: Մի շարք փորձաքննություններ են ընթանում, մենք էլ սպասում ենք: Դե ասում են՝ էտի ըտենց է, շուտ չի լինում, որ արդյունքները տան, մենք դեռեւս ոչ մի բան չենք բացահայտել, թե ինչն է եղել մահվան պատճառը»: Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք անհամբեր սպասում են, թե ինչ է բացահայտվելու, թեեւ որեւէ բան չի կարող մեղմացնել իրենց ցավն ու ստիպել մոռանալ կատարվածը:
ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏՈՎ ԵՐԵՔ ՀՈԳԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ