ՀՀ Արարատի մարզի Դալար համայնքում հոկտեմբերի 19-ին տեղի կունենա համայնքի ղեկավարի ընտրություններ: Գրանցված թեկնածուները երեքն են՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված, գործող ՀՀԿ-ական գյուղապետ Գագիկ Ալեքսանյանը, ՀՀԿ-ական Արթուր Գրիգորյանը եւ անկուսակցական Աշոտ Եղիազարյանը: Վերջինս աշխատել է Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայությունում:
«Ժողովուրդ»-ը զրուցեց երկու թեկնածուների՝ Աշոտ Եղիազարյանի եւ Գագիկ Ալեքսանյանի հետ:
Գագիկ Ալեքսանյան
-Պարո՛ն Ալեքսանյան, Դուք առաջադրվել եք ՀՀԿ-ի կողմից եւ պայքարելու եք ՀՀԿ-ական եւ անկուսակցական թեկնածուների դեմ:
-Իրենք մտնում են մարդկանց տները կամ զանգում են, ես էլ՝ նույնը: Առանձին-առանձին շփվում ենք ժողովրդի հետ: Իրենք թող մտածեն, ես արդեն վեց տարի է, ինչ գյուղապետ եմ:
-Ծանոթացե՞լ եք Ձեր մրցակցի՝ Աշոտ Եղիազարյանի նախընտրական ծրագրին:
-Չեմ կարդացել, բայց լսել եմ, որ խոստացել է բյուջեի մեծացում, չնայած ես չգիտեմ, թե բյուջեն ոնց է մեծացնելու: Խոստանում է խորքային հորեր ստեղծել՝ ոռոգման ջուր ապահովելու համար, բայց բնապահպանության նախարարությունը դրանք փակում է: Թող խոստանան, ես հանգիստ ամեն ինչ տանում եմ: Խոստանում է համայնքի կենտրոնը կանաչապատել, չգիտեմ, թե որտեղի մասին է ասում, եկեղեցու զանգակատունը կառուցել, գյուղում Փարիզ է ուզում ստեղծի:
Աշոտ Եղիազարյան
-Պարո՛ն Եղիազարյան, առաջի՞ն անգամ եք առաջադրում Ձեր թեկնածությունը:
-Այո՛:
-Դուք նախընտրական բուկլետ եք տպագրել եւ այն տարածել բնակիչների շրջանում: Ի՞նչ եք խոստանում բնակիչներին:
-Գյուղում բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ՝ մարդիկ ոռոգման ջուր չունեն:
-Եւ ինչպե՞ս եք պատրաստվում այս խնդիրը լուծել:
-Ես ինքս տարեկան 10 հա ծխախոտ եմ մշակում, 10 հա էլ՝ հացահատիկ, բայց ես կարողանում եմ ջուր գտնել, բերել: Այդ ինչպե՞ս է, որ ինձ մոտ հաջողվում է, իսկ գյուղապետի մոտ՝ ոչ: Պետք է միայն լուրջ ուշադրություն դարձնել այդ խնդրին:
-Ձեր մրցակիցը՝ գործող գյուղապետը, ՀՀԿ-ական է եւ առաջադրվել է հենց կուսակցության կողմից: Ինչպե՞ս եք դիմադրելու:
-Դե, գործող իշխանությունը չի ընտրում, այլ համայնքի բնակչությունը: Ես անկուսակցական եմ, ընտրվելուց հետո կմտածեմ, թե որ կուսակցության հետ աշխատեմ:
-Այս պահին ճնշումներ չե՞ն գործադրվում Ձեր նկատմամբ:
-Ես ինքս անձամբ աշխատել եմ նախագահի անվտանգության ծառայությունում: Ինձ բոլորը ճանաչում են, ես էլ ծանոթ եմ բոլոր կուսակցություններին, այնպես որ, ոչ ոք չի կարող ինձ ճնշել: Նախորդ տարի դուրս եմ եկել աշխատանքից. գնացի Մոսկվա, հիմա վերադարձել եմ ու ցանկանում եմ գյուղապետ դառնալ: Վստահ եմ, որ կանցնեմ:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը