Զույգ երեխաները կմնան անտուն` մայրիկի հետ միասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

34 տարեկան Գեղանուշ Գրիգորյանը 5-ամյա զույգ բալիկների՝ Մանվելի եւ Մարինկայի հետ բնակվում է Էրեբունի վարչական տարածքում գտնվող մեկ սենյականոց բնակարանում: Ութ ամիս է՝ Գեղանուշը երեխաների հետ վարձակալել է բնակարանն ամսական 45 հազար դրամով: Երկվորյակների մայրը չի աշխատում, քանի որ հաճախակի մի տեղից մյուսը տեղափոխվելու պատճառով երեխաների մանկապարտեզի հարցը լուծել չի կարողանում, իսկ նրանց առանց խնամքի թողնել հնարավոր չէ:

Իսկ երեխաների հայրն էլ հարբեցող է եւ վաղուց փոքրիկներով չի զբաղվում: Նա նույնպես բնակարան չունի, ապրում է անմարդկային պայմաններում՝ մի փտած ավտոտնակում: Ընտանիքի նպաստը 28000 դրամ է, ինչը տան վարձին անգամ չի բավարարում: Գեղանուշի խոսքերով՝ հիմա իրենց իր մայրն է օգնում, թոշակից գումար տալիս, որպեսզի աղջիկը դրսում չմնա: Հայրական տուն՝ Վարդենիկ գյուղ վերադառնալ չի կարող, քանի որ գյուղի տունը մեկ սենյակ է, որում արդեն իսկ բնակվում է 6 հոգի:

Հիմա Գեղանուշ Գրիգորյանի առաջնային խնդիրը տանիք ունենալն ու պատսպարվելն է, քանի որ ներկա բնակարանը նույնպես ժամանակավոր է. տանտերն ընդամենը 10 օր ժամանակ է տվել՝ վարձն անկանոն ու կիսատ վճարելու պատճառով:

Մեզ հետ զրույցում Գեղանուշն ասաց, որ ոչ մի բարերարի չի հավատում: Կնոջ խոսքերը նախկինում ունեցած դառը փորձի հետեւանք են: Դեռ մեկ տարի առաջ Գեղանուշն իր երեխաների հետ հյուրընկալվել էր «Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Մարդկային գործոն» հաղորդաշարին, որտեղ ներկայացվել էր ընտանիքի տխուր վիճակը: Ասաց, որ հաղորդման հետ մեծ հույսեր էր կապում, քանի որ հայտնվել էր մի բարերար՝ ոմն Գոռ, ով նյութական թեթեւակի աջակցություն ցուցաբերելուց հետո խոստացավ հաղորդման շրջանակներում լուծել ընտանիքի կացարանի հարցը:

Դրամական օգնություն հավաքելու նպատակով Գոռն արեց ամեն ինչ, որպեսզի տվյալները տարածվեին, եւ օգնություն ցուցաբերողների թիվն ավելանար:
«Գոռը եկավ, մի ստացական բերեց, ասաց, որ ստորագրեմ, ես էլ ստորագրեցի, հասկացա, որ հավաքված գումարի չափն էր, հետո գնաց՝ հույս տալով, որ մի քանի օրից կգա եւ բնակարանի հարցը կլուծի, էն գնալն էր, որ գնաց»,-պատմեց Գեղանուշը:
Այլեւս չհավատալով հեռուստատեսության եւ մամուլի օգնությանը՝ Գեղանուշ Գրիգորյանը, այնուամենայնիվ, մեզ խնդրեց՝ ինչ-որ կերպ, ինչ-որ մեկի միջոցով լուծել բնակարանի հարցը, այլապես տասն օրից երկու երեխան ձեռքին` կհայտնվի դրսում:

Արեւիկ Հակոբյան

 

 

 

 

 

 




Լրահոս