ՄԻԱՅՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր առաջ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը Հայաստանի առեւտրային բանկերից մեկի Իջեւանի մասնաճյուղից 12 միլիոն դրամ վարկ է վերցրել, որը ձեւակերպվել է նրա որդու` ուսանող Նաիրի Ներսիսյանի անունով: Վարկի համար քաղաքապետը գրավ է դրել իր տունը, նա նաեւ հանդիսացել է վարկի վերադարձման երաշխավորը`  ամսական իր 250 հազար դրամ աշխատավարձով: Իջեւանում շրջանառվող լուրերի համաձայն` քաղաքապետը ստացած վարկով վճարել է  քաղաքային ենթակայության հիմնարկների` երաժշտական դպրոցի, մարզադպրոցի եւ 2 մանկապարտեզների աշխատողների մեկ ամսվա աշխատավարձը: Նշված լուրը Իջեւանի քաղաքապետը երեկ հաստատեց:  Վարուժան Ներսիսյանը  տարիներով հակամարտության մեջ է համայնքի ավագանու հետ: 2008-ին բողոքելով քաղաքապետի միանձնյա ղեկավարումից` ավագանու 13 անդամներից 8-ը անվստահություն էին հայտնել նրան: Քաղաքապետը նախաձեռնել էր ավագանու նիստերից անհարգելի բացակայելու պատճառաբանությամբ իր հրաժարականը պահանջած ավագանու 8 անդամներից 5-ի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու գործընթաց: Այդ 5 անդամները բողոքարկել էին Վ. Ներսիսյանի որոշումը, սակայն դատարաններում հաջողության չեն հասել: Իսկ 2010թ. աշնանը, ավագանու եւս  3 անդամներ  ինքնակամ դիմում են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու համար: Ավագանու մեկ այլ անդամ հրաժարականի դիմում է ներկայացրել 2009թ. դեկտեմբերի 16-ին: Սակայն հրաժարականի վերաբերյալ ավագանու 4 անդամների դիմումներին այդպես էլ ընթացք չէին տրվել, որպեսզի  ի սկզբանե 13 հոգանոց ավագանու նիստի  քվորում ապահովվի: Երեկ  հայտարարված  նիստը, ի թիվս այլ հարցերի, պետք է հաստատեր քաղաքի 2011թ. բյուջեն: Բյուջեի հաստատումը թույլ կտա Վարուժան Ներսիսյանին պաշտոնավարել մինչեւ համայնքի ղեկավարի նոր ընտրություններ` 2011թ. աշուն: Ավագանու վերջին նիստը կայացել է 2009թ. դեկտեմբերի 21-ին: Սակայն  նշանակված նիստին ներկայացան ավագանու միայն երկու անդամներ` քաղաքապետի հարազատ եղբայր, «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հրաչ Ներսիսյանը եւ քաղաքապետի քարտուղարուհու քույր Նարինե Գրիգորյանը: Նիստը չի կայացել: Ուշագրավ է, որ քաղաքապետը, վախենալով համայնքի ավագանու եւ քաղաքի բնակչության դժգոհությունից, նիստից առաջ քաղաքապետարանի շենքը պաշարել էր քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող հիմնարկությունների աշխատողներով եւ նրանց  հարազատներով: ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ Տավուշ




Լրահոս