«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 24-ին ՀՀ մշակույթի նախարարության լիազորված անձ Արտակ Գեւորգյանը Հայաստան է ներմուծել 1010 կգ բրուտո քաշով խառն ապրանքներ, որոնք սահմանված ժամանակում մաքսային մարմին չի ներկայացրել: Արդյունքում մշակույթի նախարարության ներկայացուցիչը տուգանվել է 50 հազար դրամի չափով: Մշակույթի նախարարության մեկ այլ լիազոր ներկայացուցիչ Սուրեն Հովհաննիսյանն էլ հունիսի 14-ին հայտարարագրել է 122 հազար 805 կգ ապրանքներ: Իսկ հոկտեմբերի 10-ին պարզվել է, որ այս դեպքում էլ մաքսային հայտարարագիրը սահմանված 10 օրյա ժամկետում չի ներկայացվել, ուստի Հովհաննիսյանին եւս տուգանել են 50 հազար դրամ: Ի դեպ, տարօրինակ է, որ հունիսին ներկրված ապրանքի մաքսային հայտարարագիրը չներկայացնելու փաստը մաքսայինում հոկտեմբերին են միայն արձանագրել: Այսինքն` կարող ենք ասել, որ ՀՀ ֆինանսների նախարարության եւ մշակույթի նախարարության հակամարտությունը նոր երանգներ է ստանում: Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող «Հուշարձանների վերականգման կենտրոն» ՓԲԸ-ն քաղհայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նախարարությունից պահանջելով 18 մլն 999 հազար դրամ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում