ՀԱԿ ներկայացուցիչ, թիվ 11 ընտրատարածքում առաջադրված Արշակ Բանուչյանը երեկ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ մայիսի 6-ին խորհրդարանական խայտառակ ընտրություններ եղան. «ՀՀԿ-ն կրկին գնեց Հայաստանը, եւ հասարակության մի մասն էլ վաճառեց իրեն: Ես վստահեցնում եմ իմ ընտրողներին, որ իրենց որեւէ ձայնը կորած չէ, քանի որ ՀԱԿ-ը ԱԺ-ում ունի 7 մանդատ»:
Նա նշեց, որ ՀԱԿ-ի պատգամավորները պայքարելու են իշխանությունների դեմ Ազգային Ժողովում: ՀԱԿ ներկայացուցիչը նաեւ համոզմունք հայտնեց, որ այն մարդիկ, որոնք վաճառեցին իրենց ձայները, շատ շուտ հիասթափվելու են եւ կրկին անցնելու են ընդդիմության դաշտը: Բանուչյանն առաջնային խնդիր է համարում արտագաղթը, եւ մտահոգություն հայտնեց, որ կեղծված ընտրությունները կարող են էլ ավելի խթանել դրա թափը. «Ես չեմ ուզում, որ ժողովուրդը հիասթափվի այնքան, որ լքի երկիրը: Մարդիկ պետք է մնան Հայաստանում եւ պայքարեն»:
«Լեւոն Տեր-Պետրոսյանն անելու է ամեն ինչ եւ այնքան, որքան իր ուժերը կբավարարեն, եւ սա իր կարապի երգը չէր»,-ասաց նա՝ հավելելով, որ բարձր է գնահատում ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ համագործակցությունը. «Ընտրություններից առաջ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը շատ արդյունավետ է եղել: Բացառված չէ, որ ԱԺ-ում դաշինք կլինի ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ, առայժմ ոչինչ ասել չեմ կարող: Մեր կարծիքով` գոնե 70-80 տոկոսով մեր համատեղ աշխատանքը ստացվել է»:
Բանուչյանը հատուկ ընդգծեց, որ թիվ 11 ընտրատարածքում 3 հազարից ավելի անվավեր քվեաթերթիկ է եղել, ինչի պատճառը, ըստ նրա, այն է, որ քաղաքացիները, որոնք չեն կարողացել իրենց կամքով ընտրություն կատարել եւ ստիպված են եղել քվեարկել ՀՀԿ-ի օգտին, հատուկ անվավեր են արել իրենց քվեաթերթիկները:
«Ես, ինչպես ՀԱԿ-ը, նույնպես դիմելու եմ Սահմանադրական դատարան` վիճարկելու 11-րդ ընտրատարածքում ընտրությունների արդյունքները, ես դրա համար բոլոր հիմքերն ունեմ: Չնայած որ ՍԴ-ն նույնպես վաճառված կառույց է ու որեւէ արդյունք չի տա, բայց մենք պետք է ցույց տանք, որ գնում ենք օրինական ճանապարհով եւ դիմում ենք նաեւ ՍԴ»,-ամփոփեց բանախոսը:
Հարցին՝ ՀԱԿ-ն արդյոք վայր կդնի մանդատները, նա նշեց, որ քաղաքականությամբ զբաղվողը չպետք է զգացմունքներով առաջնորդվի: «Մենք էլ մեծ սպասելիքներ ունեինք, սպասելիքներն ավելին էին, քան եղավ, բայց մանդատ վայր դնելով՝ ի՞նչ հարց ես լուծում: Եթե մենք, մանդատները վայր դնելով, կարող ենք անել նոր ընտրություններ, եւ մեզ կմիանան ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու մյուսները, կանենք դա»,-ասաց Բանուչյանը:
ԱՆՎԱՎԵՐՆԵՐԸ՝ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ