ԿՐԿՆԱԿԻ ՊԱՏԻԺ` ՆՈՒՅՆ ԱՐԱՐՔԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգ ստացվեց, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական շենքում մի քաղաքացի հացադուլ է հայտարարել` պնդելով, որ չի հեռանա, մինչեւ չիմանա դատական նիստի ստույգ օրը:
«Ժողովուրդ»-ը հանդիպեց հացադուլ անող քաղաքացու հետ եւ պարզեց, որ նա  Վանաձոր քաղաքի բնակիչ Հովսեփ Հովհաննիսյանն է, որը դատական ապօրինության  նկատմամբ իր վրդովմունքն  արտահայտում  է  հացադուլի միջոցով: Զրույցից պարզ դարձավ, որ Հովսեփ Հովհաննիսյանի որդուն ապօրինաբար ձերբակալել են՝ նույն արարքի համար կրկնակի պատիժ կիրառելով: Հովհաննիսյանի  պատմելով` որդին՝ Հարբիկը, 2010թ. գարնանը ներկայացել է Վանաձորի զինկոմիսարիատ եւ դիմել իր զինվորագրումը մինչեւ աշնանային զորակոչ հետաձգելու խնդրանքով` դա պատճառաբանելով առողջական խնդիրներով: Նրա խնդրանքը կարծես թե բավարարել են: Սակայն հետագայում պարզվել է, որ զինկոմիսարիատը նրան համարել է դասալիք: Միջգերատեսչական հանձնաժողովում հարցը քննվել է, եւ նա ենթարկվել է վարչական տուգանքի` 90.000 դրամով:
 Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 30-ին, առանց տուժողին տեղյակ պահելու, կայացրել է դատավճիռը: Դատարանը երկու երեխաների հայր 27-ամյա Հարբիկ Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման` մեկ տարի ժամկետով: Առաջնորդվելով վերոնշյալով՝ սույն թվականի ապրիլի 23-ին Հովհաննիսյանին ձերբակալել են: Վերջինս այժմ իր կրկնակի պատիժն է կրում Վանաձորի քրեակատարողական հիմնարկում:
Ձերբակալվածի հայրը բողոքարկել է դատավճիռը: Նրա վկայությամբ՝ վճռաբեկ դատարանն այս պահի դրությամբ գործը չի քննել: Հ. Հովհաննիսյանը մի քանի անգամ դիմել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ, սակայն ոչ մի անգամ պատասխան չի ստացել: Հարցին հնչեղություն տալու համար քաղաքացին ստիպված է եղել հացադուլ հայտարարել:
Մենք դիմեցինք ՀՀ վճռաբեկ դատարանի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայություն, որտեղից «Ժողովուրդ»-ին պարզաբանեցին, որ գործը բողոքարկվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում, այնուհետեւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում: Երկու դեպքում էլ կայացված դատական ակտերը մնացել են անփոփոխ:
«Հ. Հովհաննիսյանը  կրկին վճռաբեկության կարգով բողոքարկել է դատական ակտը: Բողոքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից քրեական գործը ստացել է մայիսի 2-ին:  ՀՀ օրենսդրությամբ՝ վճռաբեկ դատարան ներկայացված բողոքներն ուսումասիրվում են մեկամսյա ժամկետում:  Հացադուլ հայտարարած Հովսեփ Հովհաննիսյանին տրվել է սպառիչ պատասխան այն մասին, որ գործը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում, իսկ դատարանն իրավական դիրքորոշում կարտահայտի օրենքով սահմանված ժամկետում: Հովհաննիսյանի պահանջը իրավաչափ չէ այն հիմնավորմամբ, որ դատական նիստ կարող է նշանակվել բացառապես այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը կընդունի բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը»,-նշված է Հայաստանի Հանրապետության դեպարտամենտի՝ «Ժողովուրդ» օրաթերթին ուղղված հաղորդագրության մեջ:
Հ.Գ. Հացադուլ հայտարարած քաղաքացին, համաձայն մեր տեղեկության, նույն օրը հեռացել է դատարանի վարչական շենքից իր սեփական նախաձեռնությամբ:

 ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս