ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ Է
Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է, թե ԲՀԿ-ին ՀՀԿ-ի կողմից կոալիցիա կազմելու առաջարկ չի արվել: «Անձամբ ես կտրականապես դեմ եմ կոալիցիայի ձեւավորմանը: Ես դեմ եմ, որպեսզի ԲՀԿ-ն մտնի ձեւական կոալիցիա: Եթե ձեւավորվի կոալիցիա, ապա ես կշարունակեմ իմ պայքարը: Ես` Վարդան Օսկանյանս, ինձ վրա պատասխանատվություն չեմ վերցնի ձեւական, ոչ իրական կոալիցիայի գործունեության համար»,-հայտարարել է Օսկանյանը` այնուամենայնիվ, խուսափելով հստակ պատասխանել, թե այդ դեպքում արդյոք ինքը դուրս կգա ԲՀԿ-ից:
ՀԻԱՑՄՈՒՆՔԻ ՄԵՋ
««Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի կողմից մանդատը չվերցնելու քայլը մեզ համար անակնկալ չէր եւ դրա մասին մենք վաղօրոք տեղյակ էինք»,-ասել է ՀԱԿ անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: «Նա բազմիցս հայտարարել է, որ ինքն իրեն Ազգային Ժողովում չի պատկերացնում, որ այդտեղ աշխատանքն իր համար խորթ է, եւ ինքն ավելի կցանկանար գործադիրում պաշտոնավարել»,-Սարգսյանի քայլը փորձել է այսպես պատճառաբանել դրա արդյունքում մանդատ ստացած Ջհանգիրյանը, որն այդ կապակցությամբ ասել է. «Այսպես ասեմ` շատ հիացմունքի մեջ չեմ, բայց ես մանդատը վայր չեմ դնի»:
ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ
Վանաձորի թիվ 30 ԸԸՀ-ն մերժել է այդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, ԱԺ գործող պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի դիմումը` իր մրցակից Էդմոն Մարուքյանի գրանցումը չեղյալ համարելու պահանջով: Հիշեցնենք, որ ընտրություններում պարտված Վիկտոր Դալլաքյանը, պնդում է, որ Էդմոն Մարուքյանը վերջին 5 տարում Հայաստանում չի բնակվել, ուստի իրավունք չուներ թեկնածու առաջադրվել:
ԲՈԼՈՐՆ ԷԼ ՓԱՅԱՏԵՐ ԵՆ
Ժողովուրդը բոլոր կուսակցությունների գունապատկերը բերել է խորհրդարան, եւ լավ կլինի, որ առաջիկայում կոալիցիա ձեւավորվի: Այդ մասին երեկ ասել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: «Ոչ մեկը չի կարող ասել, թե որեւէ քաղաքական ուժ, որը մեծ ազդեցություն ունի հասարակությունում, խորհրդարանում չէ: Այսինքն՝ առկա է հնարավորություն ստեղծել գաղափարական կոալիցիա եւ ունենալ հզոր, ուժեղ ընդդիմություն, որը ցանկացած հասարակության շարժիչ ուժն է»,-նշել է Նիկոյանը:
ԻՍԿ ՀՀԿ-Ն ԿՑԱՆԿԱՆԱ՞
ՀՅԴ-ն մտադիր չէ կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ: Այդ մասին ընտրությունների վերահսկողության միացյալ շտաբի նիստին ասել է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` նկատելով, որ 2009թ. կոալիցիան լքելուց հետո իրենց բազմիցս առաջարկել են վերադառնալ: Ռուստամյանը նշել է, թե ՀՅԴ-ն շատ անգամներ է հայտարարել, որ մասնակցում է ընտրություններին լիակատար իշխանափոխության հասնելու նպատակով` անկախ դրանց արդյունքներից:
«ԿԵՆՏՐՈՆ»-ԻՆ ՏՈՒԳԱՆԵՑԻՆ
Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) երեկ որոշել է «Կենտրոն» հեռուստաընկերությանը տուգանել է 1 մլն դրամի չափով` նախընտրական քարոզարշավի համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելու համար: Հեռուստաընկերությունն ուղիղ եթերով հեռարձակել է մամուլի ասուլիսը, որի ընթացքում հնչել է Զուրաբյանի հայտարարությունը: «Կենտրոն»-ը հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկել 15-օրյա ժամկետում: