ԱԿԱՄԱՅԻՑ ԴԱՐՁԱՎ ԲՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաթեւոս Մանուկյանի՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թիվ 026152 վկայականը այլ հասցեատեր ունի: Վերջինիս պատկանող վկայականը ԿԸՀ-ից հանձնվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
«Բա էսպե՞ս էլ վերաբերմունք կլինի, բա սա երկի՞ր է: Մարդ ողջ ընտրարշավի ընթացքում մասնակցի քարոզարշավին, հանրապետականների համար աշխատի ու վերջում այսպիսի վիրավորա՞նք ստանա,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց Մաթեւոս Մանուկյանը,-երկրորդ խմբի հաշմանդամ եմ, միայնակ թոշակառու, նույնիսկ ծանոթով հանգստյան ուղեգիր չեմ կարողանում ստանալ, ասում են՝ սահմանափակ  քանակությամբ է, ու առաջնահերթության կարգով ազատամարտիկներին են տրամադրում: Բա մե՞նք, մենք միշտ ստվերո՞ւմ մնանք: Իմ էսքան վազքի դիմաց էսպե՞ս են վարձահատույց լինում»:
Մաթեւոս Մանուկյանն իր դժգոհությունները տեղափոխեց քաղաքական դաշտ ու պատմեց,  որ կենտրոնական ընտրական հանձնաժողովում խաբել ու նվաստացրել են իրեն: Նրա հավաստմանբ՝ ինքը՝ որպես անհատ քաղաքացի, 2011 թվականին մասնակցել է ԿԸՀ-ի կազմակերպած՝ ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին: Հանձնել է ստուգարքը եւ ստացել ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի որակավորում: Մանուկյանը մայիսի սկզբին զանգել է ԿԸՀ, որտեղից նրան հրավիրել են՝ անձամբ ստանալու վկայականը: Մայիսի 4-ին այցելել է, որտեղ նրան ասել են՝ իբր ինքն արդեն ստացել է վկայականը եւ ներկայացված է «Բարգավաճ  Հայաստան» կուսակցության կողմից: Քաղաքացին վրդովված է. «Ա՛յ մարդ, ախր ես կուսակցական պատկանելություն չեմ ընդունում, ես անկախ եմ: Հիմի ինձ պետք է պարզել, թե ընտրությունների օրն ով է իմ անունից հանդես եկել, ինչ իրավունքով: Ոչ մեկն ինձ պատասխան չի տալիս: Մինչեւ անգամ ԿԸՀ-ում ինձ նվաստացնում են՝ ստիպելով դիմում գրել՝ իբր ես վկայականս կորցրել  եմ: Ասե՞ղ է, ի՞նչ է: Ձե՞ռ են առնում»:
«Եթե Մաթեւոս Մանուկյանը հաղթահարել է 31 բալը, ուրեմն անցել է ստուգարքը եւ, հետեւաբար, պետք է ստանար վկայական: Դրանց բաշխման աշխատանքները ճիշտ կանոնակարգելու նպատակով, մարդկային կուտակումներից խուսափելու համար ԿԸՀ-ն վկայականները հասցեատերերին է հասցրել կուսակցությունների միջոցով: Տվյալ պարագայում Մանուկյանն իր հարցը պիտի պարզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Մենք նրան կարող ենք օգնել, եթե նա դիմում գրի ԿԸՀ՝ վկայականը վերստանալու նպատակով»,-սա էր «Ժողովուրդ»-ին ԿԸՀ-ի կողմից տրված պատասխանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցած եւ ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու իրավունք ստացած քաղաքացիների ցուցակում Մ. Մանուկյանը  4599-րդն է, իսկ նրա վկայականի համարն է 026152:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից մենք չկարողացանք պարզել՝ ԿԸՀ-ն հիշյալ կուսակցությանը հանձնել է Մաթեւոս Մանուկյանի՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 026152 վկայականը, թե ոչ: Կամ արդյոք Մ. Մանուկյանն իրենց կուսակցության անդամ է: Ամեն դեպքում, Մանուկյանը ցանկություն չունի ներկայացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, նրան իր վաստակած վկայականն է անհրաժեշտ, որ մայիսի 4-ից փորձում է գտնել:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս