Երեք ոչ իշխանական ուշեր ՀԱԿ-ի , ԲՀԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքից հետո համացանցում ակտիվորեն սկսեցին մեկնաբանել հնչած ելույթները:
Քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը գրել է. «Հիմա ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուն ընդդիմացողներին ընդդիմացողը իշխանության բարեկամը չի՞: Լևոն Տեր-Պետրոսյանը խայտառակ լոգիկա ներմուծեց, որը հեչ իր օգտին չէ: Ինչպես նկատեցինք, եռյակը ոչ թե արտաքին քաղաքականությունից չի խոսում, այլ օրենքն այնպիսին է, որ միայն Տեր-Պետրոսյանը դրանից խոսելու «իրավունք» ունի /փաստը դեմներս է/: Հետեւաբար օրենքը միակողմանիորեն խախտած Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ոչ միայն այդպիսի, այլեւ անգամ հակադիր դիրքորոշում արծարծելը արդեն ջղաձգության առարկա է: Էլ չասած՝ նրա ներմուծած «ամեն մեկս իրավունք ունենք» կանոնի մասին»:
Նախախորհրդարանի համակարգող Տիգրան Խզմալյանը գրել է. «ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՆ Ու ՍԱՐԵՐԸ Երևանն այսօր սև էր, անթրաշ, հոտած, «սպարտիվկա» ու «չուստ» հագած: Մայրաքաղաքը մայրաքյուղի էր վերածվել: Մի՞ թե սա մենք ենք: Այո, դա էլ ենք մենք, մեր մեծ ՄԵՆՔի մի մասը: Այո, մարդկանց շրջաններից էին բերում, այո, ոմանք փողի կամ մի մունաթի դիմաց էին գալիս, այո, իշխանությունը չեր խանգարում, հակառակը` մի բան էլ օգնում էր այս անվտանգ կրկեսին: Սակայն մարդիկ գալիս էին նաև կամավոր, հույսով, անհույս, անճար, գալիս էին, որովհետև նրանց կանչեցին: Կանչեցին խաբեբաներն ու ավազակները, բայց ազնիվներն ու հերոսները չեն կանչում: Ազնիվներն ու հերոսները սպասում են որ իրենց կանչեն, սպասում են որ մարդիկ իրենք դուրս գան փողոց, սպասում են ինչ որ զանգի, ժամկետի, նշանի: Բոլոր զանգերը զանգեցին, բոլոր ժամկետներն անցան, բոլոր նշանները տրվեցին` ի զուր: Եթե մարգարեն չի գնում սարի մոտ` զուր է սպասել, որ սարը գա մարգարեի մոտ: Եթե ազնիվներն ու հերոսները փոխանակ ժողովրդի մոտ գնան ու ժողովրդին կանչեն, գնում են սար ու ձոր, նրանք կլսեն միայն սեփական արձագանքը: Իսկ ժողովուրդը գնում է հրապարակ, որտեղ նրան կանչում են, ու ժողովուրդը մեղավոր չէ, որ ազնիվների փոխարեն այնտեղ կրկին խաբեբաներն են կանգնած: Մեղավոր են ազնիվները, որ զիջել են հրապարակը խաբեբաներին»:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հետևյալ կարծիքն է արտահայտել. «ՐաՖՖի Հովհաննիսյանը նրբանկատորեն «խայթեց» Տեր-Պետրոսյանին՝ ներքին պայմանավորվածության խախտումով արտաքին քաղաքականության մասին խոսելու համար ու դարձյալ նշեց, թե «Ժառանգությունը» դեմ է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Րաֆֆին հրապարակայնացրեց, որ ինքը կողմ է նստացույցին հենց այսօրվանից՝ փաստորեն ցույց տալով իր արմատականությունը»: