«Պրեմիերա-2» հեռուստանախագծի հաղթող, երգչուհի Լենա Ղազարյանը, չնայած փոքր տարիքին, հասցրել է մեծ թվով երկրպագուներ ունենալ, «ֆան» էջեր հավաքել, զուգերգով հանդես գալ հայ երգարվեստում իր հետքը թողած երգիչ Անդրեի հետ: Ու թեեւ նա վերջին շրջանում էկրաններին շատ չի երևում, երկրպագուներին հավաստիացնում է, որ առաջիկայում կլինեն նորություններ:
– Ձեր երկրպագուները որոշակի ժամանակ է՝ լուր չունեն սիրելի երգչուհուց, անհանգստացած են, ի՞նչ կասեք նրանց:
-Թող չանհանգստանան, խոստանում եմ շուտով հանդես գալ նոր երգերով: Մի նոր ստեղծագործություն կա, որը կոչվում է «Ամառ է, ցուրտ է», այն առաջիկայում կներկայացնեմ հանդիսատեսին: Երգի հեղինակներն են Նիկ Եգիբյանն ու Գայանե Ավետիսյանը: Կան նաեւ այլ նոր երգերի առաջարկներ: Հիմա ընտրում եմ լավագույնը:
-Երաժշտական մրցույթներում կրկին հանդես գալու մտադրույթուն չունե՞ք:
-Մի առաջարկ ունեի՝ արտերկրից: Ռիգայում կայանալիք երաժշտական մրցույթներից մեկին մասնակցելու ցանկություն կար, սակայն ժամանակս չներեց. այդ ընթացքում ուսումնարանում քննություններ ունեի հանձնելու: Մյուս անգամ նման հնարավորությունը բաց չեմ թողնի:
-Ինչպե՞ս եղավ, որ փոքր տարիքից հայտնվեցիք երգարվեստում: Ձեր ընտանիքում այս ոլորտի ներկայացուցիչներ կա՞ն:
-15 տարեկանում մասնակցել եմ «Իմ անունն է» նախագծին, 16-ում՝ «Իքս ֆակտորին», 17-ում՝ «Պրեմիերային», հիմա, արդեն, 18 եմ… Այս ձիրքը ժառանգել եմ մայրիկից: Նա երգել է հենց իմ տարիքում, մինչեւ որ հանդիպել է հայրիկիս ու թողել է ոլորտը…
-Հնարավո՞ր է պատմությունը ձեր դեպքում կրկնվի:
-Դժվար թե (ծիծաղում է), իմ կարծիքով՝ չի կրկնվի: Չնայած, չգիտեմ՝ իմ ճակատագիրն ինչպես կդասավորվի…
-Այսինքն՝ որեւէ տղամարդ չի՞ կարող խոչընդոտել ձեր կարիերային:
-Չեմ կարող ասել… Հնարավոր է՝ մի օր հայտնվի մեկը, որ… Չգիտեմ… (ծիծաղում է):
-Գիտենք, որ տղա երկրպագուների պակաս չունեք. նրանք շարունակու՞մ են անակնկալներ մատուցել:
-Այո, շատ են ծաղիկներ, նվերներ ուղարկում, անանուն երկրպագուները երբեմն իրենց սերն են ցույց տալիս, անգամ հրավառություններ են անում, հաճախ դրանց ուշադրություն չեմ դարձնում… Ի դեպ, հայրիկս ու եղբայրս շատ խիստ են այդ առումով… Կարծում եմ՝ նման նվերներ կարող եմ ընդունել իմ ընտրյալից, ում դեռ չեմ գտել:
-Իսկ ինչպե՞ս է հաջողվել այդքան մեծ թվով «ֆան» էջեր ու «ֆան» ակումբների մասնակիցներ ունենալ:
-Անկեղծ ասած՝ ես էլ եմ զարմացած, որ ունեմ այդքան մեծ թվով ֆանատներ…Նրանք ինձ շատ են օգնում, թող մեծամտություն չթվա, բայց ես ինձ շատ հպարտ եմ զգում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին եւ տեղեկացնլ, որ ինքս գրում եմ երգեր եւ դրանցից մեկն անպայման առաջիկայում կներկայացնեմ հանրությանը:
Աննա Բաբաջանյան