Հայտնի գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը և իր նախկին ամուսին Վազգեն Ասատրյանի միջև շարունակվում է պայքարը «Ֆրանսիական սուրճ» ապրանքային նշանի սեփականության համար:Վալերի-Աշխեն Գործունյանին պատկանող «Փարիզյան սուրճ ֆակտորի» ՍՊԸ-ն գրանցել էր Վազգեն Ասատրյանին պատկանող «Ֆրանսիական սուրճ» ՍՊԸ-ի ֆիրմային անվանմանը շփոթելու աստիճան նման ապրանքային նշան` փորձելով օգտագործել այդ անվանումը սուրճի արտադրության մեջ: Առաջին ատյանի դատարանում այդ գրանցումը անվավեր էր ճանաչվել և հաստատվել էր «Ֆրանսիական սուրճ» անվանման նկատմամբ Վազգեն Ասատրյանի ընկերության իրավունքները:Վալերի-Աշխեն Գործունյանի ընկերությունը դիմել էր ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ վիճարկելով իր դեմ կայացված վճիռը: Երեկ վերաքննիչ դատարանը մերժեց Փարիզյան սուրճ ընկերության վերաքննիչ բողոքը և ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը, որով «Ֆրանսիական սուրճ» ՍՊԸ-ի հայցով անվավեր էր ճանաչվել «Փարիզյան սուրճ» ընկերության կողմից կատարված «Ֆրանսիական սուրճ» ապրանքային նշանի գրանցումը:
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը Վալերի-Աշխեն Գործունյանի անձի նկատմամբ և նրա նախկինում արված որոշ հրապարակային հայտարարությունները՝ Վազգեն Ասատրյանի ընկերությանը երկու ատյաններում ներկայացրած DEFENSE իրավաբանական ընկերության փաստաբանները, մեկնաբանելով իրենց հաղթանակը նշում են, որ վեճը բացառապես օրենսդրական և տնտեսական խնդիրների հարթության մեջ է, և չի կարելի դատական այս վեճը դիտարկել քաղաքական կամ նախկին ամուսինների անձնական կոնֆլիկտների համատեքստում: