ՀՀ ազգային անվտանգության խորհրդի բյուջեի քննարկման ժամանակ զեկուցող ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե այս տարի ԱԱԽ-ն քանի՞ նիստ է անցկացրել, և որքա՞ն են կազմում նիստերի համար հատկացվող ծախսերը:
Թանանյանը պատասխանեց, որ նիստերի համար գումարներ չեն նախատեսվում ու չեն կատարվում. «ԱԱԽ նախագահի կողմից հաստատվում է տվյալ տարվա աշխատանքային ծրագիրը, որի համաձայն անց են կացվում նիստեր, այս տարի երկու նիստ է անցկացվել, և նախատեսվում է ևս երկու նիստ անցկացնել», – ընդգծվեց նա:
«Կցանկանայի իմանալ՝ այդ երկու նիստի համար բյուջեից ինչքա՞ն գումար է տրամադրվել: Հասկանում եմ, որ չի ծախսվել, բայց ընդհանուր այդ ինստիտուտի համար որքա՞ն գումար է տրամադրվել բյուջեից՝ աշխատավարձի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, վարորդների համար», – հարցրեց Փոստանջյանը:
Արամ Թանանյանը հայտնեց, որ աշխատակազմի պահպանման համար հաստիքացուցակով 94 հաստիք է նախատեսված, ներկայումս 74-ն են: Բացի աշխատավարձերից գումարները գնում են դիտարկումների, միջազգային միջոցառումների անցկացման վրա, իսկ ԱԱԾ 2015 թվականի բյուջեն կազմում է 470 միլիոն դրամ՝ 44 միլիոնով ավելի նախորդ տարվա բյուջեից:
Զարուհի Փոստանջյանը նաև նշեց, որ ԱԱԽ կայքը չի արտացոլում այդ ինստիտուտի աշխատանքը՝ փորձելով իմանալ, թե որտե՞ղ են հրապարակված ԱԱԽ կատարած դիտարկումները: «Պատերազմական գործողություններ էին մի քանի ամիս առաջ, ես այդպես էլ չհասկացա՝ ո՞րն էր ԱԱԽ դերակատարությունն այնտեղ, եթե դիտարկումներ արել եք, ինչո՞ւ չենք տեսել», – նշեց նա:
ԱԱԾ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց, որ ԱԱԽ-ն ձեռնամուխ է եղել իրենց պաշտոնական կայքի թարմացմանը, որտեղ համապատասխան տեղեկություններ կտրամադրվեն տարվա արդյունքների մասին: