Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հրապարակայնորեն պախարակել է 14 թմրամոլի, որոնք ձերբակալվել են Չեչնիայի տարբեր շրջաններում. տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները: Հայտնվում է, որ թմրամոլներից մեկին Կադիրովն անձամբ է բռնել, երբ նա գիշերը` համերգից հետո, թմրանյութերի ազդեցության տակ քայլել է փողոցով:
«Նման մարդիկ կարծում են, որ իրենց վարքով վնաս են տալիս իշխանություններին։ Սակայն թմրանյութերի հետևանքով միայն իրենք և իրենց հարազատներն են տուժում. նման վարքի հետևանքները հարվածում են մեղավորների հայրերին ու մայրերին»,- ասել է Կադիրովը։
Չեչնիայի նախագահի հետ հանդիպման են հրավիրվել նաև 14 թմրամոլների ծնողները։ Կադիրովը կոչ է արել նրանց աշխատել իրավիճակի շտկման ուղղությամբ: Թմրամոլների ծնողները շնորհակալություն են հայտնել Կադիրովին՝ «իրենց աչքերը բացելու համար», իսկ տղաները խոստացել են ուղղվել և ազատվել վնասակար սովորությունից։