Հայաստանը շահագրգռված է շարունակել հարաբերությունները Եվրոպական միության հետ: Այս մասին 2015թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա նշեց, թե ԵՄ հետ հարաբերությունները կշարունակվեն այնպես, որ դա չվնասի ԵՏՄ հետ հարաբերություններին:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին, թե այսօր Հայաստանը որ ոլրոտներում կարող է համագործակցել ԵՄ հետ` հաշվի առնելով ԵՏՄ-ի առջև ստանձնած պարտավորությունները:
«ԵՄ մեր գործընկերներն անընդհատ ուզում են ստանալ մեկ հարցի պատասխան` ո՞րն է այն կարմիր գիծը, որից այն կողմ Դուք չեք կարող ԵՄ հետ այս կամ այն ոլորտում խորացնել Ձեր հարաբերություները, որովհետև դրանք հակասելու են Եվրասիական տնտեսական միության առջև ստանձնած Ձեր պարտավորությունների: Մենք ունե՞նք հստակ այն ոլորտները, որտեղ չենք կարող առավել խորացնել ԵՄ հետ մեր հարաբերությունները, որը նախկինում մեր օրակարգում կար»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը:
Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Դրա պատասխանը նոր կարող է հնչել, քանի որ մենք նոր ենք ստորագրել պայմանագիրը. ճիշտ է` դեռ ուժի մեջ չի մտել, բայց տեքստը կա: Ավելին, արդեն պատասխան կարելի էր ստանալ Աստանայում մայիսի 25-ին կնքնված ԵՏՄ պայմանագրին ծանոթանալով:
Այսինքն` հիմա, քանի որ ամբողջ փաստաթղթային մասը կա, իսկ դա բավականաչափ մեծ է, դա գալու է Ազգային ժողով, եթե թարգմանությունը չհաշվենք, որը կրկնապատկում է, ապա այն մոտ 1500 էջ է: Այսօր փորձագետներ, մասնագետները հնարավորություն ունեն ուսումնասիրել դա և հստակ նշել այն շրջանակը, որտեղ Հայաստանy, իր պարտավորություններից ելնելով, այս գծից ավել չի կարող խորացնել, բայց ավելի կարևորն է, որն ակնկալում են մեր եվրոպացի գործընկերները, տեսնել այն շրջանակը, որտեղ իրենք ազատ են»: