ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում այսօր մեկնարկեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ներդրումների արդյունավետության ուսումնասիրությանը նվիրված տարածաշրջանային աշխատաժողովը։ Այն կազմակերպվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, Համաշխարհային բանկի, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Ավստրալիայի Հարավային Ուելսի համալսարանի աջակցությամբ: Աշխա-տաժողովին մասնակցում են միջազգային այդ կառույցների և ՄԱԿ-ի գործակալությունների, Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ղրղզստա¬նի ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի հիմնական նպատակն է օգնել մասնակից երկրների կառավա¬րու¬թյուններին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված ներդրումներն առավել արդյունավետ ծախսել՝ առողջապահության վրա առավելագույն ազդեցություն ունենալու նպատակով:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարևորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին արդյունավետ հակազդումն ու դիտարկելով այն առողջապահության ոլոր¬տի առաջնահերթությունների թվում, դեռևս 2002 թվականից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ռազմավարական և ազգային ծրագ-րեր է մշակում, համակարգված միջոցառումներ իրականացնում»,-ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։
Այդ ծրագրերն ու դրանց արդյունավետությունը բազմիցս արժանացել են բարձր գնահատականի: Հայաստանի առողջապահության նախարարության կողմից Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի կատարողականն, օրինակ, 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի մարտն ընկած ժամանակահատվածի համար 3 անգամ գնահատվել է գերազանց` արժանանալով А1 գնահատականի, ինչը նշանակում է 100%-ից բարձր կատարողական: Այդ ամենի արդյունքում Հայաստանը Գլոբալ հիմնադրամից ստացել է հրավեր ներ-կայացնելու դրամաշնորհային նոր հայտ:
«Հաշվի առնելով ֆինանսական միջոցների որոշակի սղությունը, բուժում ստացող հիվանդների անընդհատ աճող թիվը և կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը, անհրաժեշտ է առկա ֆինանսական միջոցներն օգտագործել առավել արդյունավետ և ծախսարդյունավետ կերպով` հիմք ընդունելով տվյալ երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի ենթատեքստն ու զարգացման միտումները, բնակչության խոցելի խմբերը, առաջնահերթ ռազմավարություններն ու կարիքները»,-նշեց Վահան Պողոսյանը:
«Հայաստանի առողջապահության նախարարությունն իր բազմակողմանի աջակցությունն է հայտնում կարևոր այն գործընթացներին, որոնք նպաստում են մեր տարածաշրջանի երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ ուղղված միջոցառումներն իրավիճակին համարժեք դարձնելուն` առավել նպատակային օգտագործելով առկա հնարավորությունները»,-հավելեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը` աշխատաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Աշխատաժողովի 5 օրվա ընթացքում մասնակիցները կքննարկեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ռազմավարությունների թիրախները և դրանց հասնելու համար անհրաժեշտ ծախսերը, կանդրադառնան նաև ներդրումներին, հակառետրովիրուսային բուժման տարբեր ուղեցույցների օգտագործման ազդեցություններին:
Աշխատաժողովի աշխատանքների արդյունքում կհզորանան մասնակից երկրների մասնագետների՝ «Օպտիմա» ծրագրով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ներդրումների արդյունավետության ուսումնասիրության ունակությունները, կմշակվեն ներդրումների ար¬դյու¬նա¬վետության վերաբերյալ զեկույցներ, որոնք հիմք կհանդիսանան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլոր¬տում ներդրումների արդյունավետ բաշխման համար: