Դաշնակցությունը պատրաստ է իշխանությունների հետ քննարկել 12 կետերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Կառավարությունը ճանապարհային քարտեզ մշակելու առաջարկ անի, մենք պատրաստ ենք նստել և քննարկել 12 կետերի փուլային լուծման ուղիները: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա ընդգծեց, թե կարևոր է, որ Կառավարությունը վերանայի իր մոտեցումները, որոնք գրավոր տեսքով ներկայացրել է:

Այն հարցին, թե, փաստորեն, նման քայլի գնալով` մեծամասնությունն առաջարկում է փոխզիջում, Արծվիկ Մինասյանը նշեց. «Ես չգիտեմ այս դեպքում փոխզիջումն ինչ ձևաչափում է օգտագործվում, ավելին՝ մեզ ամենևին չի հետաքրքրում, թե ինչ ձևաչափում է իրականացվելու խնդիրների լուծումը, կարևորը լուծվեն խնդիրները: Հիմա մեկը կձևակերպի որպես ճնշման ազդեցություն, մեկը կձևակերպի փոխզիջում, դա երկրորդական և երրորդական հարց է: Եթե մենք սահմանադրական փոփոխություններով հասնենք իսկապես երկրում համակարգային, ամբողջական իշխանափոխության, սահմանադրական մակարդակում երաշխավորված գործունեության ձևակերպմանը, սա կլինի մեր երկրի, մեր պետականության և բոլոր քաղաքական ուժերի հաջողությունը»։

Այն դիտարկմանը, թե 12 կետերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտությունն ինչի՞ց առաջացավ, պատգամավորը պատասխանեց, «Իմ կարծիքով՝ տեղին է անդրադարձը, որովհետև ունենք քաղաքական երկու կետերից բաղկացած օրակարգային հարցեր՝ մեկը 12 կետերն են, մյուսը՝ սահմանադրական բարեփոխումների հարցը, որ մի կողմից ընդդիմությունն է ներկայացրել, մյուս կողմից նախագահն է առաջարկում: Թե ինչու հատկապես հիմա, չեմ կարող ասել:

Չեմ ընդունում այդ ձևակերպումը, որ Դաշնակցությունը շահեկան դիրքում հայտնվեց: Եթե շահեկան վիճակում է հայտնվում, ուրեմն պետությունն ու ժողովուրդն է հայտնվում: Դաշնակցությունն այնտեղ է, որտեղ ժողովուրդն է, եթե ժողովուրդը վնաս է կրում, կրում է նաև ՀՅԴ-ն, և հակառակը: Պարզապես ևս մեկ անգամ մենք կարող ենք փաստել, որ մեր մոտեցումը ճիշտ է. գտնում ենք, որ երկրում հիմնարար արմատական բարեփոխումներ անցկացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն համախմբում», – ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանը հանձնարարել  է վերանայել չորս ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված 12 կետերը:




Լրահոս