Հետընտրական Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը ցույց տվեց, որ մի բան է` ընտրություններ կեղծելը, մեկը մյուսից ձայներ փախցնելն ու դիտորդներին կաշառելը, մեկ այլ բան` այդ ամենի արդյունքում ձեռք բերած իշխանական կարկանդակը կիսելը: Արդեն 17 օր շարունակվող ներիշխանական բանակցություններն այդպես էլ արդյունք չեն տալիս` ՀՀԿ-ին ոչ մի կերպ չի հաջողվում «կոտրել» ԲՀԿ-ին` նրան ստիպելով ստորագրել 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու համաձայնագրի տակ կամ առնվազն կրկնել այս բազմիցս թարմացված կոալիցիոն հուշագիրը: Փորձագետների զգալի մասը վստահ էր, որ այս հարցը վերջապես կլուծվի Սերժ Սարգսյանի` մայիսի 15-ի մոսկովյան այցից հետո: Սակայն ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա ընթացքը, սպասված հանգուցալուծումը տեղի չունեցավ: Ըստ որոշ պնդումների՝ պատճառն այն է, որ Ս. Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց առանձնազրույց ունենալ Վլադիմիր Պուտինի հետ` վերջնականապես ճշտելու համար իր հետագա անելիքները: Թե ինչու այդ հանդիպումը չկայացավ, դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ հետագա օրերի ընթացքում կոալիցիայի առկախված հարցի ձգձգմանը զուգահեռ, տեղի ունեցան որոշ հետաքրքիր զարգացումներ, որոնցից ամենաուշագրավը Ս. Սարգսյանի՝ Չիկագո չմեկնելն էր: Թեեւ պաշտոնապես դա պատճառաբանվեց ՆԱՏՕ-ի կողմից Ղարաբաղի մասին ընդունված ոչ հայանպաստ բանաձեւով, այդուհանդերձ, մեր ունեցած տեղեկություններով, Սերժ Սարգսյանի օրակարգում մինչեւ վերջին պահը եղել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու մտադրությունը: Ամեն դեպքում, անկախ չմեկնելու բուն դրդապատճառից, ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի հանդեպ նման վերաբերմունքի ցուցաբերումը առաջացրեց Ռուսաստանի գոհունակությունն առ ոչ բավարար ռուսամետ Սերժ Սարգսյանը: Գաղտնիք չէ, որ վերջինս, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, փորձում է առավել ճկուն եւ հավասարակշռված հարաբերություններ կառուցել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի հետ: Իսկ 2013թ. նախագահական ընտրությունների համար Ռուսաստանը ունի հետեւյալ ընտրությունը` կա՛մ Արեւմուտքի հետ «խաղեր տվող», բավարար ռուսամետ Սերժ Սարգսյանը, կա՛մ հարյուր-տոկոսանոց «ֆորպոստիստ» Ռոբերտ Քոչարյանը: Հետեւաբար, Ս. Սարգսյանի համար խնդիր է առաջանում հօգուտ իրեն լրացուցիչ միավորներ վաստակել` տվյալ դեպքում կրկին բոյկոտելով ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Արդյոք այդ քայլն ըստ արժանվույն կգնահատվի ավագ եղբոր կողմից, դժվար է ասել, սակայն այն, որ անցած կիրակի գրեթե կայացած կոալիցիան «փոզմիշ եղավ» Քոչարյանի գործուն միջամտությունից հետո, ԲՀԿ-ական աղբյուրներն առանձնապես չփորձեցին էլ թաքցնել: Իսկ արդեն դրանից հետո Քոչարյանը շտապեց մեկնել Մոսկվա` ստանալու վերջնական հրահանգները: Ըստ մեր տեղեկությունների՝ նա կվերադառնա առաջիկա երկու օրերին` իր հետ բերելով կոալիցիայի լինելիության պուտինյան տեսլականը:
ՊՈՒՏԻՆՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ