«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրինությունը իր խորին ցավակցությունն է հայտնում այսօր՝ նոյեմբերի 17-ին, կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում զոհված ընկերության 29-ամյա աշխատակից Արթուր Նահապետյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
«Խոսքերն անկարող են սփոփել Արթուրի հարազատների ու մերձավորների վիշտը: Արթուրի ողբերգական կորուստը նաեւ իմ անձնական կորուստն է, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» յուրաքանչյուր աշխատակցի վիշտն է: Մենք մեր անկեղծ զորակցություն ենք հայտնում Արթուրի ընտանիքին ու հարազատներին՝ ցանկանալով համբերություն և տոկունություն: Պատահարի առաջին պահից հանգուցյալի հարազատների ու մերձավորների կողքին ենք եւ ամեն ինչ անում ենք նրանց նեցուկ լինելու համար»-իր ցավակցական ուղերձում ասել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Նիլ Ստիվենսոնը:
Ընկերության տնօրինությունը, կիսելով Արթուրի գործընկերների ու հարազատների կորստի ցավը, հավաստիացնում է, որ դժբախտ պատահարի հանգամանքները մանրամասնորեն կուսումնասիրվեն և կկատարվեն համապատասխան եզրահանգումներ: