Չիխուախուա տեսակի շունը` Ֆրիդան, մեկ օրով դարձել է ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքի քաղաքապետը. տեղեկացնում է Los Angeles Times-ը:
Սան Ֆրանցիսկոյի կենդանիների խնամքի և վերահսկողության դեպարտամենտի ներկայացուցիչ Դեբբի Քեմբելի խոսքով` քաղաքի պատմության մեջ սա առաջին նման դեպքն է:
Ֆրիդայի տերն անտուն կենդանիների օգնության նպատակով անցկացվող աճուրդի ժամանակ 5 հազար դոլար է վճարել: Աճուրդից ստացված բոլոր միջոցները կուղղվեն քաղաքում կենդանիների ապաստարանների ֆինանսավորմանը:
«Քաղաքապետ» ընտրված շունը քաղաքապետարանի շենքում ներկայացվել է դիտորդական խորհրդի անդամներին: Սպասվում է, որ խորհրդի նախագահը շնորհակալություն կհայտնի շանը քաղաքապետի պաշտոնում նրա գործունեության համար: Երբ Ֆրիդայի իրավասությունների ժամկետը լրանա, նրան կնվիրեն հատուկ հավաքածու, որը ներառում է տակդիր, խաղալիքներ և հատուկ զամբյուղ՝ շների համադամ ուտեստներով: