«ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՇԱՏ ԱՌԻԹՆԵՐՈՎ ՕԳՆԵԼ Է ԻՆՁ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Մաշա Մնջոյանը, ով «Հայաստանի ձայնը» նախագծում հաղթելուց հետո արդեն ինքնուրույն իր ուղին է հարթում երգարվեստի ասպարեզում, չի դադարում իր անվան շուրջ ամենաանհավանական ասեկոսեներ լսել: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձավ դրանց, նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում է ներկայանալ նոր երաժշտական ոճով:

-Մաշա՛, այսօր երգարվեստում տեսահոլովակներով աչքի ընկնելու տարածված տենդենց կա, իսկ համերգներով ներկայանալը, կենդանի ձայնով երգելը, կարծես, գլխավոր նախապայմաններից չէ: Ըստ Ձեզ` ինչո՞ւ է այդպես:
-Իսկ ես, օրինակ, հիմա ավելի շատ զբաղված եմ համերգներով, քան տեսահոլովակներ նկարահանելով: Օրերս վերադարձել եմ Ավստրալիայից, որտեղ հայ համայնքի համար ելույթ ունեցա Ֆորշի, Մուրադ Մալխասյանի հետ: Ուրախ եմ, որ պատիվ ունեմ նույն համերգի շրջանակում հանդես գալ բարձր մակարդակի արվեստագետների հետ:
-«Հայաստանի ձայնը» նախագծից հետո արդեն ինքնուրույն Ձեր ուղին եք հարթում շոու-բիզնեսում: Շատերը, սակայն, չեն դադարում Ձեր անունը կապել երգչուհի Սոնայի հետ՝ նշելով, որ նա է Ձեզ «առաջ տանում»…
-Սոնան ամեն հարցում սատարում է ինձ, մենք միշտ իրար կողքի ենք: Սակայն ես նրան ճանաչել եմ «Հայաստանի ձայնը» նախագծի շրջանակներում, դրանից առաջ տեսել եմ, հավանել եմ, բայց ծանոթ չենք եղել: Ես միայնակ, ընտանիքիս աջակցությամբ անցնում եմ այս ճանապարհը: Փորձում եմ մաքուր ճանապարհով հարթել խորդուբորդը, ոչ մեկից կախված չլինել:
-Ձեր անվան շուրջ պտտվող մի ասեկոսե հիշեցի, ըստ որի՝ Ձեզ հովանավորում են հարուստ պատգամավորները…
-Ո՛չ, ուղղակի իմ կողքին կան շատ հարազատ մարդիկ, ովքեր երբեմն-երբեմն քաջալերում են ինձ. Սոնան է կողքիս, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է շատ առիթներով օգնել ինձ…
-«Հայաստանի ձայնը» նախագծում հաղթելուց հետո անգամ լուրեր էին տարածվել, որ Ձեր հայրը մեծահարուստ է եւ ռեստորանային ցանց ունի Գյումրիում:
-Սկզբնական շրջանում, երբ նոր էի ասպարեզ դուրս եկել, ես եւ իմ ընտանիքը շատ էինք զարմանում ամենատարբեր անհավանական խոսակցություններից, բայց հետո հասկացանք, որ դա սովորական երեւույթ է: Իմ անվան շուրջ պտտվող ամենազվարճալի բամբասանքն էլ հենց այն էր, թե իբր ես նախագծում հաղթել եմ անարդար կերպով՝ մեծահարուստ հորս շնորհիվ:
-Թեեւ վաղուց արդեն բնակվում եք մայրաքաղաքում, Գյումրիում կա՞ մի բան, որ այդպես էլ Երեւանում չգտաք:
-Այո՛, Գյումրիում կա հարազատություն, անկեղծություն, որը պակասում է Երեւանում. այստեղ ամեն ինչ… լա՛վ, չշարունակեմ (ծիծաղում է): Բացի այդ՝ Հին Գյումրին, ի տարբերություն Հին Երեւանի, պահպանվել է, կան մարդիկ, ովքեր պայքարում են՝ իրենց պապական տունը, հին քաղաքի շունչը պահելու համար:
-«Հայաստանի ձայնը» նախագծի ներկայիս մասնակիցներից մեկի՝ Մելինե Գալոյանի կատարողականությունը երբեմն համեմատում են Ձեր կատարողական ոճի հետ. որտե՞ղ է գաղտնիքը:
-Հնարավոր է, քանի որ ընկերուհիներ ենք, երկուսս էլ գյումրեցի ենք, նույն դպրոցը, նույն ճանապարհն ենք անցել, նույն երգչախմբում ենք երգել, ի դեպ, ես Մելինեի կողքին եմ, սատարում եմ նրան եւ, առհասարակ, բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն:
-Վերջերս ԱՄՆ-ում նոր երգեր եք ձայնագրել, դժվար չէ՞ր հոգալ ծախսերը:
-Եթե մնացած արտիստների համար դա սովորական բան կարող է լինել, կոնկրետ ինձ համար բարդություն է. ամեն բան անում եմ սեփական միջոցներով:
-Որքանով տեղյակ եմ՝ առաջիկայում պետք է ոճային փոփոխություններ ակնկալենք Ձեզանից, այո՞:
-Այո, ԱՄՆ-ում R&B եւ հիփ-հոփ ոճերում ձայնագրվելու առաջարկ ստացա, ես էլ չէի պատկերացնի, բայց վերջանական արդյունքը բավական լավ է ստացվել:
-Արդեն մտածո՞ւմ եք անձնական կյանքի մասին, թե՞ դա պետք է ինքնաբերաբար լինի:
-Անձնականը շատ կարեւոր է, բայց ես չեմ կարծում, որ այս տարիքում պետք է լրջորեն մտածեմ դրա մասին. ամեն բան ինքնըստինքյան կլինի: Առհասարակ, ես միշտ երջանիկ ընտանիք ունենալու կողմնակից եմ. չեմ թողնի, որ իմ աշխատանքը խանգարի իդեալական ընտանիք ունենալուն: Բայց, միեւնույն ժամանակ, չեմ կարծում, թե կընտրեմ մեկին, ով կխանգարի իմ երգելուն. չէ՞ որ նա պետք է սիրի նաեւ իմ երգը:
-Առաջիկայի համար ի՞նչ նպատակներ ունեք եւ գուցե մի երազանք, որն անիրականանալի է թվում:
-Դրսում ուսումս շարունակելու, իմ արվեստն արտերկրում ներկայացնելու, այնտեղ ճանաչվելու նպատակներ ունեմ: Իսկ այդպիսի երազանքներից մեկը կենդանի լեգենդ Սթիվի Ուանդերի հետ զուգերգով հանդես գալն է…

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 
ԳՐՔԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՎԵՐԱՑԵL

Հայաստանում դեռեւս նորաձեւ է գիրք կարդալը. մեզ, համենայն դեպս, այսպես վստահեցրին երեւանյան մի շարք գրախանութներում ու գրադարաններում: Ինչպես նշեց մեր զրուցակից գրավաճառներից մեկը՝ կարդացողը միշտ էլ կարդում է: Armlur.am-ը պարզեց, որ հայ ընթերցասերների մոտ ամենաշատը հետաքրքություն են առաջացնում արտասահմանյան ժամանակակից գրողները՝ հիմնականում Մարկեսը, Կոելյոն, Սելինջերը:

Դասականներից, օրինակ, ամենաշատ կարդացվողը Պարույր Սեւակն ու Վահան Տերյանն են: Պարզվում է՝ 18+ բաժնի գրքերի հանդեպ ոչ մեծ, բայց հետաքրքրություն, այնուամենայնիվ, կա: Ուսանողների շրջանում, որոնք գրքերի հիմնական սպառողներից են, մեծ մասամբ պահանջարկ են վայելում բառարաններն ու մասնագիտական գրքերը, իսկ դիմորդների մոտ՝ շտեմարանները:
Ինչպես նշեցին մեր զրուցակիցներից շատերը՝ ժամանակակից գրականության նկատմամբ հետաքրքրությունն առաջանում ու մարում է շատ արագ: Կարդացողների ուշադրության կենտրոնում են հիմնականում Արամ Պաչյանը, Գուրգեն Խանջյանը: «Հայ գիրք» գրախանութում մեզ ասացին, որ գնորդները հիմնականում խուսափում են ժամանակակից հայ գրողների գործերը գնելուց, սակայն լսելով վաճառողների խորհուրդն ու գնելով դրանք՝ ավելի ուշ գալիս ու շնորհակալություն են հայտնում:
Մեզ նաեւ հայտնեցին, որ Հայաստանյան bestseller-ների շարքում են Աստվածաշունչն ու «Նարեկ»-ը: Օտարալեզու գրականության սպառողները հիմնականում զբոսաշրջիկներն են, որոնց ուշադրության կենտրոնում Հայաստանի մասին պատմող գրքերն են: Ճիշտ է՝ հայ ընթերցողների շրջանում էլ կան մարդիկ, որոնք կարդում են օտարալեզու գրքեր, սակայն նրանք կազմում են ընթերցասերների միայն փոքր տոկոսը:
Գրադարանների մեր զրուցակիցները, սակայն, դժվարացան առանձնացնել գրքեր կամ հեղինակներ, որոնք առավել պահանջվածների ցանկում են: Պատճառն, իհարկե, գրադարաններից օգտվողների թվի անհամեմատ առատությունն ու ճաշակային տարբերությունն է: Այդուհանդերձ, փորձելով տալ մեր հարցի պատասխանը՝ նշեցին, որ գրադարանից օգտվողների հետաքրքության կենտրոնում հատկապես հայ դասականների ու արտասահմանյան ժամանակակից գրողների գրքերն են: Իսկ վերջին շրջանում, կապված նոր լույս տեսնող գրքերի առատության հետ, հետաքրքրություն է առաջացել նաեւ հայ ժամանակակից գրողների հանդեպ: «Խնկո Ապոր» գրադարանից մեզ հայտնեցին, որ հայ ժամանակակից գրողներից ոմանք գիրք լույս ընծայելիս չեն մոռանում 2-3 օրինակ նվիրել գրադարանին: Հարցին՝ արդյոք կա՞ գրադարանից օգտվողների թվի նվազում, Հայաստանի ազգային եւ «Խնկո Ապոր» անվան գրադարաններում պատասխանեցին, որ այդպիսի միտում իրենք չեն նկատել:
Գրադարաններն ու գրախանութներն էլ, պարզվեց, անմասն չեն ընթերցողների մոտ հետաքրքրություն առաջացնելու գործում: Օրինակ՝ «Խնկո Ապոր» անվան գրադարանից մեզ հայտնեցին, որ գրադարանը «Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիա»-ի հետ միասին կազմակերպում է գրքերի ցուցահանդես-վաճառք: Գրադարանի տնօրինության առաջարկով նույնիսկ հրատարակվել են մի քանի անուն գրքեր: Իսկ «Հայ գիրք» գրախանութն այսուհետ յուրաքանչյուր հինգշաբթի մեկ անուն գիրք վաճառելու է աննախադեպ ցածր գնով:
Այսպիսով՝ մեր փոքրիկ հարցախույզն առիթ տվեց հուսալու, որ 21-րդ դարի ամենատարածված «հիվանդություններից» մեկը համարվող համացանցը, այնուամենայնիվ, չի կարողացել հետին պլան մղել մարդու՝ բոլոր ժամանակների ամենալավ ընկերոջը՝ գրքին:

ԼԻԱՆԱ ԱՆԴՐԵՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

SYSTEM OF A DOWN-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հայտնի System of a Down ռոք խումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կունենա համերգային շրջագայություն: Իսկ ապրիլի 23-ին առաջին անգամ համերգ կունենա Երեւանում:
Խումբն իր պաշտոնական կայքէջում գրել է, որ Wake Up The Souls («Արթնացրու հոգիներին») համերգային շրջագայությունը կմեկնարկի ապրիլի 10-ին եւ կավարտվի Երեւանի Հանրապետության հրապարակում կայանալիք եզրափակիչ համերգով, որի մուտքը կլինի ազատ:
Խումբը, մինչեւ երեւանյան համերգը, հանդես կգա Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում: Այն նպատակ ունի «բարձրացնելու իրազեկումը Հայոց ցեղասպանության եւ դրա դրսեւորումների մասին»:

 

«ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱՅԻ» ՌՈԼԱՆԴՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է

Ամռանը Շրի Լանկայում նշանադրված «Ռեինկարնացիա» խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանն ու պարուհի Գայանե Հովհաննիսյանը հարսանիքի են պատրաստվում: ESem.am-ին նախապատրաստական հոգսերի մեջ գտնվող հարսնացուն պատմել է, որ զույգը կպսակադրվի նոյեմբերի 30-ին՝ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում: Հարսնացուի խոսքով՝ իրենք մեծ ու ճոխ խնջույքների սիրահար չեն, եւ հարսանիքը համեստ ու հանգիստ է լինելու: Հարսանեկան խնջույքին հրավիրված են միայն ամենամտերիմ հարազատներն ու ընկերները, որոնց թվում մի շարք հայտնիներ կան:
Հարսնացուն հայտնել է, որ ամուսնությունից հետո անպայման մեկնելու են մեղրամսի, սակայն դեռ պարզ չէ, թե ուր:

 

ՑՈՒՅՑ Է ՏՎԵԼ ԴՍՏԵՐԸ

Երգահան Իգոր Նիկոլաեւի հոբելյանին նվիրված Անդրեյ Մալախովի «կցրՑՖ չՏՉՏՐÿՑ» հաղորդման ժամանակ ելույթ է ունեցել նաեւ ռուսական շոու-բիզնեսի պրիմադոննա, Նիկոլաեւի վաղեմի ընկեր Ալլա Պուգաչովան: Նա իր ելույթի ժամանակ նշել է, որ իր եւ Մաքսիմ Գալկինի դուստրը՝ Լիզան, ողջունում է կնքահորը: Դրանից հետո էկրաններին հայտնվել է փոքրիկի լուսանկարը: Լրագրողները Լիզային նմանեցրել են մորը:
Հիշեցնենք, որ Գալկինն ու Պուգաչովան ամեն կերպ խուսափում են իրենց երեխաներին հանրությանը ներկայացնելուց:

 




Լրահոս