ՎԱՐՉԱՊԵՏՆ ԷԼ ԼԵԳԻՏԻՄ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելիս խախտել է ՀՀ Սահմանադրությունը՝ այդպես կասկածի տակ դնելով նրա լեգիտիմությունը:
Խոսքն ամենեւին էլ այն մասին չէ, որ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ի ամենաանհաջող թեկնածուն է: Մի կողմ թողնենք, որ նրա կառավարության օրոք Հայաստանում միայն ձախողումներ են գրանցվել, որ անգամ պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում կրկնակի աճել է աղքատության ցուցանիշը՝ 17.6 տոկոսից հասնելով ավելի քան 34 տոկոսի: Մի կողմ թողնենք, որ վերջին տարիներին ահագնացել է արտագաղթը, եւ երկիրը տարեկան լքում է մոտ 60-100 հազար ՀՀ քաղաքացի, իսկ նույն Տիգրան Սարգսյանն էլ այդ կապակցությամբ գերադասում է կատակել՝ ասելով. «Ամեն ինչ անենք, որպեսզի մարդիկ չփախնեն, մնան ու հեղափոխությո՞ւն իրականացնեն…»: Մի կողմ թողնենք նաեւ այն հանգամանքը, որ նրա պաշտոնավարման տարիներին աննախադեպ ավելացել է արտաքին պարտքը՝ 1.4 մլրդ-ից հասնելով 3.6 մլրդ դրամի:
Պարզվում է` վարչապետ նշանակելիս Սերժ Սարգսյանը չի պահպանել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ամենատարրական կանոններն անգամ: Երկրի մայր օրենքը կառավարության ղեկավարի նշանակման համար հատուկ ընթացակարգ է սահմանում: Համաձայն ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ մասի՝ «Ազգային Ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա ՀՀ նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին»: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը մինչեւ հրամանագիրը ստորագրելը պետք է վարչապետի թեկնածության հարցով խորհրդակցեր խորհրդարանական բոլոր ուժերի՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ՕԵԿ-ի հետ անխտիր՝ անկախ նրանց քաղաքական դիրքորոշումներից: Ընդ որում հարկ է նկատել, որ ՀՀ Սահմանադրության այս դրույթը գործում է իմպերատիվ կերպով եւ ենթակա է կատարման՝ անկախ որեւէ կուսակցության՝ ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն կազմել-չկազմելու հանգամանքից: Այլապես Սահմանադրության տվյալ հոդվածում օգտագործված կլիներ ոչ թե «եւ» շաղկապը, այլ «կամ»-ը: Ով, ով, բայց բանասիրական կրթություն ունեցող Սերժ Սարգսյանը պետք է որ լավ հասկանա լեզվական այս նրբությունները: Եւ ահա, պարզվում է, որ Սերժ Սարգսյանն այս ամենատարրական հարցում անգամ գերադասել է խախտել Սահմանադրությունը՝ նույնիսկ ձեւականորեն չպահպանելով այն: Իսկ սա խոսում է մեկ բանի մասին. ՀՀԿ-ն այնքան է ոգեւորված ԱԺ-ում մեծամասնություն ունենալուց, որ որոշել է չպահպանել օրենքը:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, հակառակն էր պնդում: Ըստ նրա՝ կոալիցիա ձեւավորելիս բնական է, որ ՕԵԿ-ի հետ նման քննարկում եղած կլինի. «Իսկ ո՞վ ասաց, որ նման քննարկումներ չեն եղել: Եւ հետո, ՀՀԿ-ն ամենամեծ խմբակցությունն է, բացարձակ մեծամասնություն ունի, ՀՀԿ-ականների ձայները բավարար են, որ նախագահը վարչապետ նշանակի»: Նրան հիշեցրինք Սահմանադրության դրույթը, որը պարտադրում է խորհրդակցել բոլոր  խմբակցությունների հետ: «Նախագահը բոլոր պրոցեդուրաներն իրականացրել է, օրենքով քննարկել է խորհրդարանական մեծամասնության հետ, որն իրավունք է տալիս վստահության քվեով վարչապետ նշանակել: Ո՞վ է ասել, թե այդ պրոցեդուրան չի պահպանվել: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ ընտրություններից հետո տարբեր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ է իրականացրել»,-ասաց Շարմազանովը: Նկատենք, սակայն, որ Սերժ Սարգսյանի «կոնսուլտացիաները» եղել են կոալիցիա կազմել-չկազմելու հարցով, եւ նա հանդիպել է ոչ թե ԱԺ խմբակցությունների, այլ կուսակցությունների հետ: Ավելին, հանդիպել է ոչ վարչապետի թեկնածուի հարցով խորհրդակցելու համար:
Համենայնդեպս, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից հայտնեցին, որ իրենց հետ վարչապետի թեկնածուի հարցով չի եղել որեւէ քննարկում: ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը, օրինակ, ասաց, թե ինքը տեղյակ չէ նման քննարկումից: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը եւս «Ժողովուրդ»-ի հարցին բացասական պատասխան տվեց. «Ո՛չ, չի եղել նման բան»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն էլ ասաց, որ իրենց հետ նման խորհրդակցություն չի եղել: «Չէինք էլ ենթադրում, որ կխորհրդակցի»,-ասաց նա՝ հավելելով, որ այս իշխանություններն այնքան են խախտել Սահմանադրությունը, որ այս մի քայլը չպետք է արտառոց լինի:
Բնականաբար, որեւէ խորհրդակցություն չի եղել նաեւ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի խմբակցության հետ: Նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե առ այսօր չեն կատարվել կառավարության 2007թ. հունիսին հաստատված ծրագրի խոստումները, նաեւ՝ Սերժ Սարգսյանի 2008թ. խոստումները: «Չկա որեւէ կետ, որ կատարված լինի»,-նշեց նա: Իսկ թե ինչու են այսքանից հետո Տ. Սարգսյանին նշանակել, Բագրատյանն այսպես մեկնաբանեց. «Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը ենթադրում է, որ Տիգրան Սարգսյանն ամենաթույլն է վարչապետի մյուս բոլոր թեկնածուներից եւ հետեւաբար, միշտ կառավարելի իր համար: Ուստի նրան է նշանակել վարչապետ»:
Այսպիսով՝ ապագա կառավարության լեգիտիմությունն արդեն իսկ կասկածի տակ է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս