Ինչպես հաղորդում են հայ երիտասարդության ինտելեկտուալ փոխհամագործակցության միության մամուլի ծառայությունից, Մոսկվայի «Մոսկվիչ» մշակութային կենտրոնում ապրիլի 30-ին կկայանա դուդուկի մոսկովյան առաջին փառատոնը, որին կմասնակցեն Ռուսաստանի լավագույն դուդուկահարները: Մասնավորապես՝ Հովհաննես Ղազարյանը, Արամ Ավեդիկյանը, Յուրի Մուրադյանը, Սելենան, Վալերի Բինագադինսկին, Գեղամ Օհանյանը, Գեւորգ Հայրապետյանը, Պապին Շահբազյանը, Վասո Սադոեւը, Ռոբերտ Հարությունյանը, Մերուժան Աչոյանը՝ Մոսկվայից, Վարդան Հարությունյանը, Վալերի Նամը, Argishty-ն, Վիտալի Պողոսյանը՝ Սանկտ Պետերբուրգից, Մարտին Ղազարյանը՝ Իրկուտսկից: Փառատոնը ծրագրվում է դարձնել ամենամյա ու հաջորդ տարի հասցնել միջազգային կարգավիճակի:
Հայտնի դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Դաբաղյանը համոզված է, որ դա շատ լավ ծրագիր է, այն կնպաստի դուդուկի հանրահռչակմանը եւ կմիավորի դուդուկահարներին։ Մեր զրուցակիցը ճանաչում է Ռուսաստանում եւ այլ երկրներում բնակվող հայ դուդուկահարների եւ չի կասկածում, որ այդ փառատոնի մասնակիցներն էլ աչքի կընկնեն պրոֆեսիոնալիզմով. «Հայ դուդուկահարներ, հիմնականում Հայաստանից գնացած լավ տղաներ կան աշխարհի շատ երկրներում։ Մարդիկ հավաքվում են, մտերմանում, միմյանց կատարումները, խորհուրդներն են լսում, ոգեւորվում։ Երեւույթն ինքնին հետաքրքիր է, եւ ես կցանկանամ, որ այն ամեն տարի լինի, ու անպայման տարեցտարի առաջընթաց կնկատվի»։
Իսկ մեր այն հարցին՝ արդյոք այլ երկրներում՝ մասնավորապես ԱՄՆ-ում եւս չարժե՞ նման փառատոն կազմակերպել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե արժե։ Բայց այդ հարցը պետք է ուղղել տեղի հայկական կառույցներին։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս տարվա սեպտեմբերի 20-ին «Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունն արդեն երկրորդ անգամ անցկացնելու է նաեւ դուդուկահարների փառատոն, որին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների երաժիշտներ»։
Գ. Դաբաղյանը, սակայն, մտավախություն ունի, որ ոմանք կարող են հրաժարվել մասնակցությունից, քանի որ ճանապարհածախսը հրավիրվողները պետք է հոգան, իսկ Սփյուռքի նախարարությունն այդքան գումար չի կարող տրամադրել։ «Հիմա մենք զբաղված ենք հրավերներ ուղարկելու գործընթացով, եւ մեկ-երկու ամիս հետո պարզ կլինի, թե քանի հոգի կմասնակցի փառատոնին»,- ասաց մեր զրուցակիցը, ով դուդուկահարների փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։ Տեղեկացանք, որ այդ ծրագրի շրջանակներում լինելու է ոչ միայն դուդուկահարների, այլ նաեւ պարի, ասմունքի, երգի փառատոն, եւ այդ բոլորի ընդհանուր գեղարվեստական ղեկավարը Սամվել Հարոյանն է։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՓԱՌԱՏՈՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Երեկ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում մեկնարկեց «Թատրոն-X» հանրապետական 7-րդ թատերական փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցում են 19 թատրոններ ու թատերախմբեր, որոնց զգալի մասը երիտասարդական խմբերն են: Լավագույն ներկայացումները ընտրելու եւ քննարկումներ կազմակերպելու նպատակով ստեղծվել է մասնագիտական հանձնախումբ, որը փառատոնի օրերին կայցելի նաեւ մարզեր: «Թատրոն-X»-ը կլինի մինչեւ մայիսի 3-ը: Փառատոնը կփակի Ռուբեն Բաբայանի «Բանաստեղծություն» ներկայացումը:
ԸՆԴԱՄԵՆԸ 20 ՀՈԳԻ
Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն ու Ջասթին Տերուն իրենց հարսանիքը կազմակերպելու են Հավայան կղզիներում: Նրանք հարսանիքին ընդամենը 20 հոգու են հրավիրել. միայն ամենամտերիմ ու հարազատ մարդկանց: Հանդիսության օրը դեռեւս հայտնի չէ: Ավելի վաղ դերասանուհին պատմել էր, որ Տերուի հետ ցանկանում են երեխա ունենալ: Նրանք պատրաստվում են օգտվել փոխնակ մոր ծառայություններից: Հիշեցնենք, որ արտիստները ծանոթացել են 2011 թվականին, իսկ մեկ տարի անց Ջասթինն Էնիսթոնին ամուսնության առաջարկություն է արել:
ԸՆԴԴԵՄ ՍԵՎԵՐԻ ՈՒ ԳԵՅԵՐԻ
Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Վուդի Ալենը հերթական անգամ հայտնվել է քննադատության թիրախում: Ամերիկյան մամուլը վրդովված է այն հանգամանքից, որ նրա` «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով» մյուզիքլում չկա ոչ մի սեւամորթ դերասան: Ռեժիսորը պնդում է, որ ինքը դերասաններին չի ընտրել ռասայական հատկանիշներով, սակայն «The New York Daily News» պարբերականը պնդում է, որ ռեժիսորն ինքն է խնդրել օգնականներին՝ փորձերին աֆրոամերիկացիների չբերել: Հիշեցնենք, որ նախկինում Վուդի Ալենին խիստ քննադատում էին այն բանի համար, որ նրա ֆիլմերում չեն լինում միասեռականներ եւ չի շոշափվում միասեռ սիրո խնդիրը: