«Կենտրոնական բանկի պահուստները սպառվում են»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական դրամը երեկ, ինչպես և սպասվում էր, կտրուկ արժեզրկվեց: ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմում էր 471.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 8.97 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Աշխատանքային օրվա ավարտին արդեն դոլարի վաճառքի գինը հասավ 515 դրամի, և այսօր առավոտյան բանկերը դոլարի համար շարունակում են պահպանել այդ փոխարժեքը:

Տնտեսագետ Զոյա Թադևոսյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ Կենտրոնական բանկն արդեն սպառում է իր պահուստային ռեսուրսները, և նման իրավիճակը տանում է մեր տնտեսության լիարժեք կործանմանը:

«Այս անկայուն վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ տնտեսության մեջ իրական գործնական առումով փոփոխություններ չեն իրականացվում: Ցանկացած երկրի վճարային հաշվեկշիռը բաղկացած է ընթացիկ կշիռների հաշվեկշռից, որում մեծ դերակատարում ունեն ապրանքների արտահանումը և ներմուծումը: Բոլոր այն երկրները, որոնք ունեն դրական ընթացիկ հաշիվների հաշվեկշիռ և ավելի շատ արտահանում են, քան ներմուծում, տնտեսությունում առկա են մշտական կուտակումներ, և ըստ դրա՝ ազգային արժույթի արժեզրկման վտանգ չկա: Բոլոր այն երկրները, որոնք ունեն մեր երկրի նման հաշվեկշռի խրոնիկական դեֆիցիտ, պետք է պատրաստ լինեն նման բացասական զարգացումների»,- ասաց Զոյա Թադևոսյանը:

Վերջինիս բնորոշմամբ՝ մեր տնտեսությունը հետամնաց, կործանված, քայքայված է: «Միայն ԿԲ-ն չի կարող այս իրավիճակը շտկել: Մեր տնտեսությունը պարալիզացված վիճակում է:  Դրամական տնտեսությունը ոչինչ չի կարող անել, և այս վիճակն անընդհատ շարունակվելու է, մինչև որ մեր տնտեսության պատասխանատուները հասկանան, որ ամեն ինչ քայքայվում է: Օտարերկրա կապիտալներ պետք է ներգրավվեն, չգործող ձեռնարկությունները պետք է է սկսեն գործարքվել, կապիտալի մասսայական նորացում պետք է տեղի ունենա, պետք է ներմուծման քաղաքականությունը վերանայվի: Մեր Կենտրոնական բանկն այլևս չունի պահուստներ, որպեսզի այս ամենի դեմն առնել լինի: Շուտով մեր տնտեսությունը կվերածվի ոչնչի»,- եզրափակեց տնտեսագետը:




Լրահոս