Բրյուսելում Սերժ Սարգսյանը հանդիպել է Վիլֆրիդ Մարտենսի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:
Զրուցակիցները քննարկել են Եվրոպական Ժողովրդական կուսակցության հետ Հայաստանի Հանրապետական կուսակցության համագործակցության ընդլայնմանը, Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, Հայաստանում համապարփակ բարեփոխումների իրականացմանը, ներքաղաքական միջավայրին, մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր:
Զրույցի ընթացքում կարևորվել է միջխորհրդարանական մարմիններում ՀՀԿ պատգամավորների անդամակցությունը ԵԺԿ խմբակցություններին:
Իսկ մինչ այդ ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է Եվրոպական միության հետ Հայաստանի վերընթաց զարգացող հարաբերություններին, համագործակցության ընդլայնման նպատակով մի շարք ուղղություններով՝ Ասոցացման համաձայնագրի, Մուտքի արտոնագրերի և Ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի, Հայաստան-Եվրամիություն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ ընթացող բանակցություններին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ քննարկումներում առանցքային նշանակություն ունեցող՝ Հայաստանում բարեփոխումների լայն օրակարգին:
Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին և իր մտահոգությունները ներկայացրել հակամարտության շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում արձանագրված ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների կապակցությամբ: ԵԺԿ գագաթնաժողովի մասնակիցներին Սերժ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի դիրքորոշումն այս հարցում՝ վերահաստատելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով միջազգայնորեն ընդունված նորմերի սահմաններում լուծելու Հայաստանի պատրաստակամությունը, ընդգծել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ողջամիտ փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ ղեկավարությանը և բոլոր անդամ կուսակցություններին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և հայաստանյան երկու այլ՝ ՕԵԿ և ,Ժառանգությունե կուսակցություններին ԵԺԿ մեծ ընտանիքի մաս դառնալու հարցում ցուցաբերած աջակցության համար: Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ դա կխթանի Հայաստանի եվրոպական ինտեգրմանն ու մեծապես կնպաստի համագործակցության ծրագրերի իրագործմանը:  
Սերժ Սարգսյանն իր խոսքում կարևորել է օրվա հիմնական քննարկման թեման՝ նշելով, որ եվրոյի ձախողումը անկանխատեսելի սպառնալիք է ոչ միայն Եվրոպայի ապագայի կամ հարևանների հետ ինտեգրացիոն գործընթացներին, այլև համաշխարհային տնտեսության համար:
Տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։




Լրահոս