Հայաստանում օրենք խախտողների նկատմամբ պետք է լինի համապատասխան խիստ վերաբերմունք, եւ գոյություն ունեցող օրենքները պետք է պահպանել:
“Արմենպրես”-ի հաղորդմամբ` հուլիսի 2-ին դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստից հետո այս մասին նշեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով “Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքին, որի հետեւանքով զինվորական բժիշկ է զոհվել, եւ դրան հաջորդած միջադեպին, երբ փոխգնդապետը համալիրի վրա նռնակ նետելու փորձ է կատարել:
“Դեպքը կատարվելուց անմիջապես հետո մենք այն դատապարտել ենք: Հարուցվել է քրեական գործ, որի ողջ ընթացքը մեր վերահսկողության տակ է: Մեզնից յուրաքանչյուրը կարող է այդպիսի վերաբերմունք ունենալ, սակայն մենք հանդուրժող ենք, եւ պետք է օրենքերը հարգենք` լինի հասարակ քաղաքացի, թե սպա, քանի որ ժամանակ առ ժամանակ հարաբերություններում կրքեր են բորբոքվում, եւ ամեն մեկը փորձում է իր “ես”-ն առաջ տանել: Լավ է, որ “Հարսնաքար”-ի ղեկավարությունը եւս այդ տեսակետին է”,-նկատեց Օհանյանը: Նրա խոսքով` բոլոր խնդիրները պետք է լուծվեն խոսքի, այլ ոչ թե ձեռքի միջոցով, քանի որ իրավունք չունենք մարդ կորցնելու, մանավանդ զինվորականի եւ բժշկի, որը զբաղվում է մյուսների առողջական խնդիրներով:
“Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ, եւ մենք փոխադարձաբար դատապարտել ենք այդ երեւույթը: Գտնում եմ, որ տվյալ պարագայում մենք չպետք է ավելորդ միջոցառումներ կազմակերպենք: Իրավապահ մարմինները զբաղվում են դրանով` գործին օրինական ընթացք տալով”,-նշեց նախարարը:
Հուլիսի 1-ի գիշերը Զինված ուժերի փոխգնդապետ, ՊՆ մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ Վարդան Սամվելյանը փորձել էր պայթեցնել Երեւանի “Հարսնաքար” ռեստորանային համալիրը: Ռեստորանում զինվորական պայուսակում հայտնաբերվել էին երկու նռնակ, փամփուշտներ, դեռեւս չբացահայտված պայթուցիկ: Սակրավորների զննության արդյունքում պարզվել է, որ պայուսակի պարունակությունը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում: Ժամը 07.25-ի սահմաններում պայուսակը տեղափոխվել է անվտանգ տարածք:
Հունիսի 17-ին` ժամը 23:00-ի սահմաններում, դաժան ծեծկռտուք է տեղի ունեցել “Հարսնաքար” ռեստորանային համալիրում: Փաստով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Ծեծի էր ենթարկվել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանը, ով տեղափոխվել էր Մուրացանի զինվորական հոսպիտալ և ենթարկվել գանգուղեղի վիրահատության։ Ավետյանի մոտ ախտորոշվել էր ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ծանր սալջարդ, սուր հեմատոմա: Վահե Ավետյանը հիվանդանոցում մահացել է հունիսի 29-ին: Տուժել էին նաեւ Արտակ Բայադյանը եւ Գարիկ Սողոմոնյանը, ում առողջական վիճակը միջին ծանրության է: