Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից 80-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական մոլեռանդության շարժառթիով Տավուշի մարզի Ոսկևան գյուղի բնակիչ, 1935թ. ծնված Սերյոժա Նիկոլի Սարգսյանի սպանության դեպքի առթիվ։   2015թ. հունվարի 11-ին՝ ժամը 19:20-ին, հաղորդում է ստացվել, որ նույնօրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել:

Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանմների կողմից կանխվել է և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացվել։

Տեղանքի հետազոտման ժամանակ «Մաների ձոր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է Տավուշի մարզի Ոսկևան գյուղի բնակիչ, հովիվ, 18.11.1935թ. ծնված Սերյոժա Նիկոլի Սարգսյանի դիակը` աջ քունքային շրջանում պատճառված հրազենային վնասվածքով: Սերյոժա Սարգսյանի դիակի հայտնաբերման վայրից քիչ հեռու սկսվում է հակառակորդի կողմից դիտարկվող և գնդակոծվող տեղանքը։   Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 13-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դիակի արտաքին զննությամբ աջ հոնքի դրսային եզրի մոտ հայտնաբերվել է 0,7-0,8 սմ տրամագծով հրազենային մուտքի անցքի վերք, նույն կողմի ծոծրակային շրջանում` դեպի դուրս ուղղված եզրերով, 10X10 սմ չափսերով ելքի անցքի վերք, նշված շրջանում գանգաթաղի շրջանի ոսկրերը բազմաբեկորային կոտրված են: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս