Ծաղկաձորում մեկնարկած դահուկավազքի Հայաստանի առաջնության առաջին օրը՝ հունվարի 14-ին, մասնակցում էին 9 աղջիկներ և 24 տղաներ՝ Վանաձոր, Գյումրի, Աշոցք և Հրազդան քաղաքներից:
15 կմ ազատ ոճում տղամարդկանց պայքարում լավագույնը Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մեր մասնակից Սերգեյ Միքայելյանն էր (ԲԿՄԱ-Աշոցք), երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Արթուր Եղոյանը (Աշոցք), իսկ երրորդը՝ Շավարշ Գասպարյանը (Գյումրի):
10 կմ ազատ ոճում կանանց պայքարում առաջին տեղը գրավել է Կատյա Գալստյանը (Գյումրի), երկրորդ տեղը՝ Աննա Մխիթարյանը (Գյումրի), իսկ երրորդը՝ Լիլիթ Տոնոյանը (Գյումրի):
Մրցաշարը սպասարկում էր միջազգային դահուկային սպորտի (FIS) մրցավար Պետեր Դուրչոն (Սլովակիա):
Նշենք, որ վաղը՝ հունվարի 15-ին, տեղի են ունենալու 1100 մետր արագավազքի մրցումները, հունվարի 16-ին տղամարդիկ պայքարելու են 10 կմ, իսկ կանայք` 5 կմ դասական ոճում, իսկ դահուկավազքի Հայաստանի առաջնության վերջին օրը` հունվարի 17-ին, անցկացվելու է թիմային սպրինտը:
Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարության մամլո ծառայություն