ԿԹՈԹԱՓԻ՞ ԼՃԱՑՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում հուլիսի 19-ին տեղի կունենան նախագահական ընտրություններ: ԼՂՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ դաշնակցական խմբակցության նախկին անդամ, գեներալ Վիտալի Բալասանյանը հանդես է գալիս այսպիսի ծրագրով. ԼՂՀ-ն դարձնել բանակցային կողմ, միավորել Հայաստանին եւ ՀՀ-ի կողմից ճանաչել Ղարաբաղի անկախությունը:
Tert.am-ի հետ զրույցում Բալասանյանը կարծիք է հայտնել. «Կլոր մեկ տարի է` ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնը թափուր է (նշանակված է արտգործնախարարի պաշտոնակատար), սա աբսուրդ է: Չկա որեւէ երկիր, որ գոնե մեկ ժամ արտգործնախարարի թափուր պաշտոն ունենա»:
Հիշեցնենք՝ ընտրություններում առաջադրված են չորս թեկնածուներ` ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, գեներալ Վիտալի Բալասանյանը, Հայաստանի ագրարային համալսարանի ղարաբաղյան մասնաճյուղի փոխռեկտոր Արկադի Սողոմոնյանը եւ անկուսակցական, գործազուրկ 65-ամյա Վալերի Խաչատրյանը:

ՀԱՐՑ. Հետեւո՞ւմ եք Արցախում շարունակվող քարոզարշավին, ի՞նչ կանխատեսում ունեք, ո՞վ կընտրվի Արցախի նախագահի պաշտոնում: Ո՞ւմ եք համարում առավել  արժանավոր թեկնածու:

ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ` գործող իշխանությունը կապահովի իր դիրքերը, քանի որ այդ ամենի համար ունի ռեսուրս: Շատ դժվար հարց է` արժանի թեկնածու կա, թե ոչ, բայց կարծում եմ, որ արժանիներ կան, հատուկ չեմ կարող առանձնացնել: Արցախում ընտրությունները կգնան այն հունով, ինչ եղել է Հայաստանում: Այնտեղի բնակչությունը գտնվում է պատանդի վիճակում, ինչպես ՀՀ-ում: Բակո Սահակյանի հիմնական մրցակիցը Վ. Բալասանյանն է, սակայն նա քաղաքականության մեջ լինելու այդքան մեծ փորձ չունի, եւ այս իրավիճակից կօգտվի իշխանությունը: Հայաստանյան լճացումն իր դրսեւորումն ունի նաեւ Արցախում, բայց այդ լճացումից դուրս գալու ցանկություն այնտեղ առկա է: Հնարավոր կլինի՞ թոթափել այդ ամենը` պարզ կլինի ընտրություններից հետո:

ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ
ԼՂՀ նախկին արտգործնախարար

ՊԱՏԱՍԽԱՆ. Հետեւում եմ քարոզարշավին: Բնական է, որ նախկին նախագահն էլ կմնա ԼՂՀ նախագահ: Ես կարծում եմ, որ արժանի թեկնածուն նա է, ով կընտրվի ազնվորեն: Ճիշտ է, Վիտալի Բալասանյանն այլ դաշտից է, այլ գաղափարներով է, այլ  պայքար է մղելու, բայց այստեղ անձի կռիվ չէ, այստեղ համակարգի կռիվ է. ով իշխանություն ունի, փող ունի, նա էլ կանի իրենը: Բալասանյանին խաղից դուրս թողնելը հեշտ կլինի: Ընտրակեղծիքներ կլինեն, այն էլ կատարելագործված կերպով, քանի որ համայնքը փոքր է: Հայաստանում լրագրողները կարողանում են ինչ-որ բան փոխել, բայց Ղարաբաղում ամեն ինչ այլ է:

ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ,
նախկին քաղբանտարկյալ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս