Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կանխատեսումները բավականին ժլատ են: Ընթացիկ՝ 2015 թվականին մեր տնտեսությունը, ըստ Եվրոպական բանկի կանխատեսման, ունենալու է 0 % աճ: Եվրոբանկի փորձագետները ՀՀ տնտեսության սպասվող զրոյական աճն ամբողջությամբ պայմանավորում են Ռուսաստանի տնտեսության խորացող ճգնաժամի ազդեցությամբ, որն էլ, իր հերթին, պայմանավորված է նավթի գների անկմամբ: ՌԴ տնտեսության վերաբերյալ Եվրոբանկի կանխատեսումները բավականին հոռետեսական են. 4,8 % տնտեսական անկում այն դեպքում, երբ սեպտեմբեր ամսին կանխատեսվում էր 0,4 % աճ:
Տնտեսագետ Զոյա Թադևոսյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ՎԶԵԲ-ի կանխատեսումներն իրական հիմք ունեն:
«Կանխատեսումն արված էր շատ վաղուց: Սա պարզապես կանխատեսում չէ, այլ իրականության ներկայացում, այսինքն`սա հենց այնպես արված չէ. այն իրական հիմքեր ունի»,- ասաց տնտեսագետը: Վերջինիս կարծիքով`Հայաստանի համար տնտեսական աճ ակնկալելը պարզապես անմտություն է. «Եթե գործընկեր երկրներն ունեն տնտեսական մեծ ներուժ և դրա օգտագործման հնարավորություն, սակայն տնտեսական աճ չեն ակնկալում, ապա ինչո՞վ պետք է բացատրենք մեր երկրի տնտեսական աճը: Դա անմտություն կլինի: Մեր տնտեսությունը գտնվում է խորը լճացման մեջ»:
Զոյա Թադևոսյանն ասաց, որ մեր տնտեսությունն անմխիթար վիճակում է և դրանից հետևություն պետք է անել, որ ողջ տարվա ընթացքում անկումը շարունակական բնույթ է կրելու և խոր հետևանքներ ունենալու: