Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեցին այն լուրերը, որ »Հայ հեղափոխական դաշնակցության» շահերը սպասարկող լրատվամիջոցների գլխին սեւ ամպեր են կուտակվել: Մասնավորապես «Երկիր» թերթի խմբագրությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ օրաթերթը ժամանակավորապես դադարեցրել է տպագիր տարբերակի թողարկումը` ֆինանսական խնդիրներից ելնելով: Թեեւ «Երկիրի» խմբագրությունը հարկ է համարում շեշտել, որ այն ՀՅԴ պաշտոնաթերթը չէ եւ մինչ այդ ֆինանսավորվել է ոչ թե կուսակցական միջոցներով, այլ «տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող ընթերցողների» կողմից, այդուհանդերձ, դժվար է ժխտել օրաթերթի ժամանակավոր փակման անմիջական կապը ՀՅԴ-ում ծավալվող խմորումների, մասնավորապես` Սփյուռքի ազդեցիկ կառույցների դժգոհության հետ: Իսկ այն, որ այդ դժգոհությունը բավականին մեծ է, հայտնի դարձավ հուլիսի 5-8-ը Վանաձորում տեղի ունեցած ՀՅԴ 17-րդ Գերագույն ժողովի ընթացքում, որտեղ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՀՅԴ հայաստանյան ղեկավարության առջեւ բարձրացվել են մի քանի լուրջ հարցեր` բավականին սուր տոնայնությամբ: Մասնավորապես, «Դաշնակցության» դրսի կառույցների անդամները ՀՀ-ի իրենց կուսակիցներին մեղադրել են այն բանում, որ լինելով ՀՅԴ անդամներ, նրանք «Դաշնակցությունը» վերածել են հայ հարմարվողական կուսակցության, ինչի արդյունքում էլ այս ԱԺ ընտրություններում ՀՅԴ-ն ունեցավ ամենամեծ կորուստները` ԱԺ-ում 16 հոգանոց պատգամավորական խմբակցությունից վերածվելով 5-հոգանոց ուժի: Որպես հիմնական դժգոհության թիրախներ՝ հիշատակվել են հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ՀՅԴ Հայաստանի ղեկավարության կիսահղի պահվածքը, անցած տարվա ընթացքում մի քանի անգամ ՀՀ կառավարության հրաժարականը պահանջելու ՀՅԴ ձեւական փորձերը (քանի որ դրանք միտումնավոր արվում էին այն փուլում, երբ ԱԺ-ն կա՛մ պետք է գնար արձակուրդ, կա՛մ էլ արդեն երկու ամիս էր մնացել նոր ընտրություններին), հատուկ անդրադարձ է եղել նաեւ ՀՅԴ Հայաստանի ղեկավարների անձնական բիզնեսներին եւ դրանք զարգացնելուն ուղղված վերջիններիս ջանքերին` հատկապես իշխանությունների հետ հարաբերությունների սերտացման ճանապարհով: Օրվա իշխանությունների հետ սերտաճած ՀՅԴ հայաստանյան ղեկավարներից դրսի կառույցների ղեկավարները պահանջել են կա՛մ անմիջապես ձեռնամուխ լինել կուսակցության իրապես ընդդիմադիր կուրսին վերադառնալուն եւ առաջիկա ՏԻՄ ընտրությունների ընթացքում լրջագույն ջանքեր գործադրել «Դաշնակցության» դիրքերի վերականգնման ուղղությամբ, կա՛մ պատրաստ լինել դրսից ֆինանսական հոսքերի եթե ոչ դադարեցմանը, ապա էական կրճատմանը: Եւ ահա, դատելով ՀՅԴ-ական լրատվամիջոցներում տեղի ունեցող գործընթացներից («Երկիր Մեդիա»-ում էլ սկսվել է աշխատակիցների կրճատում), ՀՅԴ հայաստանյան ղեկավարությանն առայժմ հաջողվել է պահպանել դիրքերը, սակայն այս անգամ այդ վստահության կիսաքվեն նրանք ստիպված են արդարացնել բացառապես սեփական ֆինանսական միջոցների հաշվին:
ԿԻՍԱՔՎԵ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ