ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իր ամուսնու վերջին հայտարարությունները եւ դրանց հետեւած հանրային արձագանքը չեն կարող ազդել իր վարկանիշի վրա: Ըստ երգչուհու՝ համերգների ժամանակ ժողովրդի ծափահարություններն ու վերաբերմունքն իր բարձր վարկանիշի իրական ցուցիչն են:
-Ձեր ամուսնու գրառումը Facebook-ի էջում բուռն քննարկումների պատճառ դարձավ: Նա նշել էր, որ ինքը սառնասրտորեն կսատկացնի «Հարսնաքար»-ի մոտ կազմակերպված մոմավառության մասնակիցներից մի քանիսին: Դուք համամի՞տ եք նրա հետ:
-Նախ նշեմ, որ մոմավառության հետ դա բացարձակ կապ չունի, եւ նման բան չի ասվել այդ հայտարարության մեջ, այսօր իր պատին է, կարող եք ճշտել թե՛ ամսաթվով, թե՛ գրված բառերով, այդ հայտարարությունը նախապատմություն ունի: Նախապատմությունն էլ այն է, որ իմ՝ թերթերից մեկին տված հարցազրույցի արձագանքների չափերն ուղղակի անցան, ուղղակի սրբությունը կորցրած մարդիկ էին գրողները, հայհոյանքներ… չգիտեմ, ամեն թեմայով՝ անձնականիցս սկսած, երեխաներիցս սկսած, այսինքն՝ նողկալի չափերի էր հասնում, եւ ամուսինս գրեց այդ տողերի հեղինակների ֆեյսբուքյան անձնական էջերին, խնդրեց դադարեցնել այդ ամենը: Չդադարեցրին, եւ ամուսինս էլ, ի պատասխան այդ ամենին, գրեց այն, ինչ վերը նշված է:
-Չե՞ք կարծում, որ Ձեր ամուսնու նման հայտարարությունների արդյունքում Ձեր վարկանիշն ընկնում է:
-Չէ՛, ո՞վ պետք է իմ վարկանիշը գցի, այն բազում հասցեներով մի քանի հոգին ու անգամ Լիզա Ճաղարյանի կոչերը, որ իմ համերգները բոյկոտեն, տոմսեր չգնեն, փաստորեն, չեն աշխատում: Տոմսերս ինչի՞ համար չպետք է գնեն. կարծիքս հայտնելու իրավո՞ւնք չունեմ, թե՞ նրա համար, որ մեր կարծիքները չեն համընկնում, որ չեմ ուզում այս ատելությունը շարունակվի, որ գիտակցում եմ, թե այդ ատելությունն ինչի կարող է հանգեցնել:
-2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի շուրջ Ձեր որոշ հայտարարություններից հետո կարծես թե ժողովուրդը սկսեց ագրեսիվ վերաբերմունք ցուցաբերել Ձեր նկատմամբ…
-Ես որեւէ հայտարարություն չեմ արել, բոլորովին կապ չունեցող բաներ են դրանք: Եթե իմ նկատմամբ ագրեսիվ տրամադրվեին կամ իմ վարկանիշն ընկներ, համերգներին այդքան մարդ ներկա չէր լինի, վերջերս տեսնեիք, թե վարկանիշ ընկնելը որն է, երբ դահլիճը ծափահարում եւ բրավո էր գոռում: Հայաստանը՝ իմ անուշ հայրենիքը, շատ ավելի մեծ խորհուրդ է, քան FB-ի մի քանի հասցեներով, գուցե դժբախտ, չկայացած մարդիկ: Եւ, ի վերջո, եթե վարկանիշս այդքան «ցածր» է, ես թերեւս չստանայի այդքան նամակ՝ արդեն որպես պատգամավոր, ուր մարդիկ ինձ վստահում են ու դիմում բազում հարցերով:
-Դուք նշել էիք, որ համոզված եք, թե ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն իր թիկնապահներին կպատժի, ոստիկանությանը չե՞ք վստահում այդ մարդկանց «պատժելու» գործում:
-Ավելի քան վստահ եմ, որ ոստիկանությունը, դատախազությունն արժանի պատժի կենթարկեն այդ սրիկաներին: Ես ամսի 20-ի առավոտյան, երբ դեռ չգիտեի մանրամասները եւ ուղղակի ինչ-որ բաներ փորձում էի ճշտել լրագրողից, որն էլ ինձ հարցով դիմեց, թե ինչ պետք է անի պարոն Հայրապետյանն այս իրավիճակում, պատասխանեցի, որ ես կարծում եմ՝ առաջինը հենց ինքը պետք է պատժի, ազատի աշխատանքից եւ ինքն իր ձեռքով հանձնի իրավապահ մարմիններին: Կարծում եմ՝ իրենք պետք է իրենց շրջապատը մաքրեն իրենց իսկ ստեղծած այդ կերպարներից, որոնց առաքելությունն ի սկզբանե անտեսանելի լինելն է եւ ոչ սադիստի նման… Չեմ ուզում խոսել այդ թեմայով, սիրտս պայթում է, ու գիտեք, մեր հասարակությունն էլ իր մեղքն ունի սրա, նրա, տո է՛լ թիկնապահին, է՛լ վարորդին, իմ ինչի՞ն է պետք, որ իմանամ, թե ով ինչ է: Դուք երբեւէ լսե՞լ եք, թե ինչ հիացմունքով են խոսում հագուկապից, մեքենաների համարներից, ինձ պետք չէ՝ նման դատարկություններով գլուխս լցնեմ: Ուղղակի դեմագոգիա է ինչ-որ բառերից կառչելը: Հայրապետյանը դատավոր չէ, որ ինքը պատժի, իհարկե դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Ես մեղավոր չեմ, որ մարդիկ իմ խոսքերը հասկանում են այնպես, ինչպես իրենք են ուզում: Դուք լրագրող եք, վստահ եմ, որ Ձեր ֆոտոալբոմում այս երկրի ապրողների նման Դուք էլ չստացված նկարներ ունեք: Եթե կարելի է, ես Ձեզ հարց տամ. ա՛յ ինչպե՞ս կգնահատեք այն «լրագրողին», որ իրենց նյութի կողքին տեղադրում են հենց իմ չստացված նկարներից մեկը: Ինչպե՞ս դա կոչել՝ չարությո՞ւն, ստորությո՞ւն, ինչպե՞ս կարելի է առհասարակ գնահատել այդ քայլը:
ԱԺ-ՈՒՄ ԵՍ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՄ ԸՆԿԱԼՈՒՄ ՈՐՊԵՍ ԹՇՆԱՄԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ