Տավուշի Կողբ գյուղի 83-ամյա բնակչուհի Արփենիկ Անանյանի բռնաբարության համար դատապարտված 26-ամյա Արեն Սարուխանյանի փաստաբանի վերաքննիչ բողոքը բավարարվել է: Այդ գործով նոր դատը կկայանա հուլիսի 18-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ: Նշենք, որ քրեական գործերով վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարել էր՝ նախադեպ ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի վճիռներից մեկը: Վճռի բեկանման համար հիմք է ծառայել քրեական դատավարական նորմի խախտումը. առաջին ատյանի դատարանի կողմից ճիշտ չի ձեւակերպվել դատին պաշտպանի մասնակցությունը:
Հիշեցնենք, որ 2012թ. հունվարի 26-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նստավայրը՝ Իջեւան, դատավոր` Ռաֆիկ Մելքոնյան) Լոռու մարզի Լեջան գյուղում ծնված, Կողբում ժամանակավորապես բնակվող 26-ամյա ամուրի Արեն Սարուխանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով, 138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով դատապարտեց հինգ տարի եւ հինգ ամսվա ազատազրկման: Արեն Սարուխանյանը 2011-ի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, լուսամուտը հրել-բացելու միջոցով մուտք էր գործել Կողբի 83-ամյա բնակչուհի Արփենիկ Անանյանի սեփական տան երկրորդ հարկի հյուրասենյակ եւ շուրջ 3 ժամվա ընթացքում, միայնակ ապրող ծեր կնոջ բերանը փակելով, սպանության սպառնալիքներով, կնոջ դեմքին եւ մարմնի տարբեր հատվածներին բռունցքներով հարվածներ հասցնելով, բռնաբարել նրան:
Դատարանը որպես պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի էր առել, որ Արեն Սարուխանյանը համանման հանցագործություն կատարելու համար 2009թ. նոյեմբերի 26-ին դատապարտվել էր 3 տարի եւ 15 օրվա ազատազրկման: Նա 2011թ. մայիսի 31-ին համաներումով ազատվել էր պատժի հետագա կրումից, սակայն դատվածությունը չէր մարվել: Մինչ դատաքննությունը սկսվելը Արեն Սարուխանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր էր ճանաչել եւ միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:
Տավուշ