Ինչո՞ւ իշխանությունը չի պատկանում ժողովրդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրականցմանը միտված «Հայեցակարգի» հրապարակումը ցույց տվեց իշխանության համապարփակ տեսակետը պետակառավարման ապագա համակարգի վերաբերյալ: Թեպետ սույն փաստաթղթում քիչ չեն գոյություն ունեցող իրականությանը տրվող ճշգրիտ գնահատականները, այսուհանդերձ, կարեւորագույն կետերում գերակշռում է լոկ ցանկալին: Փոփոխությունների հրատապությունը հիմնավորող դրույթներից այս անգամ առանձնացրել ենք միայն մեկը, որով արձանագրված է՝ սահմանադրական փոփոխությունները պիտի միտված լինեն ժողովրդի իշխանության անբեկանելիությանը:

Հատկանշական է, որ «Հայեցակարգում» շեշտվում է ժողովրդի` իշխանությունը ձեւավորելու սահմանադրական պահանջի անխախտելիությունը: Այս ձեւակերպումը թույլ է տալիս տողատակում հասկանալ, որ առնվազն տիրող իրականության պայմաններում ժողովուրդը չի կարողանում իրացնել իր՝ իշխանության պատկանելիության գործառույթը:

«Ներածություն» բաժնում փաստաթղթի հեղինակները նկատում են, որ Հայաստանում այժմ անհրաժեշտություն է ծագել ապահովելու Սահմանադրության 2-րդ` անփոփոխելի հոդվածի պահանջների հետեւողական իրացումը եւ բացառել Սահմանադրությամբ չնախատեսված պետական մարմինների միջոցով պետաիշխանական գործառույթների իրականացումը: Հարկ է նախ եւ առաջ վերհիշել ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի բովանդակությունը. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն կոչված հանձնաժողովը կարծես տալիս է լիովին օրինաչափ եւ իրավաչափ գնահատական ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի առնչությամբ: Գաղտնիք չէ, որ Հայաստանում, անկախության առաջին իսկ տարիներից սկսած, երկրորդ հոդվածի արտացոլումն իրական կյանքում համարվել է վիճահարույց: 1995թ. ընտրություններից ի վեր՝ ընդդիմությունը հանդես է գալիս իշխանության բռնազավթման մեղադրանքով: Տարբեր մակարդակի բռնություններն ու կեղծիքները մշտապես ստվերել են անկախ պետության մեջ իշխանության ձեւավորման գործընթացը, ինչն անուղղակիորեն արձանագրված է «Հայեցակարգում»:

Ուշագրավ է, սակայն, այն, որ հեղինակները տեսնում են վերոնշյալ հոդվածի անխախտելիության երաշխավորման անհրաժեշտությունը, ինչը պետք է բացառի կողմնակի ու օտար մարմինների կողմից պետական իշխանության լծակների տիրապետումը: Փաստացիորեն, հնարավորություն է առաջանում պնդելու, որ հիշյալ հոդվածն այսօր անխախտելի չէ, իսկ պետական իշխանությունը հայտնվում է կամ «կարող» է հայտնվել Սահմանադրությամբ չնախատեսված մարմինների ձեռքում: Այս ամենով հանդերձ՝ պետք է նկատել, որ Հայաստանում նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրությունները համարվել են վավեր, դրանց հիման վրա ձեւավորվել են իշխանություններ՝ կոնկրետ անձանց գլխավորությամբ եւ մասնակցությամբ: Արդ, կարելի է արդյո՞ք ենթադրել, որ այդ ընտրությունները կամ դրանցից մի քանիսը չեն եղել արդար, ինչի արդյունքում խախտվել է ժողովրդի՝ իշխանություն ձեւավորելու սահմանադրական իմպերատիվ իրավունքը:

Եթե տեղի են ունեցել ազատ ու արդար ընտրություններ, ինչի մասին մշտապես պնդել են իշխանությունները, ապա մի՞թե գործող Սահմանադրությունը թերի է գործել: Ի վերջո, այս ընթացքում ընտրությունների արդյունքում նախագահ եւ պատգամավոր են դարձել մեծ թվով մարդիկ, որոնց իշխանությունը ճանաչվել է պետական բարձրագույն մյուս մարմինների կողմից, այդ թվում եւ՝ Սահմանադրական դատարանի:

Ի դեպ, նախորդ նախագահական ընտրությունների (բացառությամբ՝ 1998թ. եւ 2013թ.) հետեւանքներից մեկն էլ եղել է այն, որ ԿԸՀ արդյուքներով պարտված թեկնածուն դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով դրանց իսկությունը: Սակայն ՍԴ-ն պարտաճանաչորեն հաստատել է ընտրությունների արդյունքները՝ մերժելով ընդդիմադիրների հայցերը: Ստացվում է, որ անգամ Սահմանադրական դատարանն է իր վճիռներով «փաստել» ՀՀ գործող Սահմանադրության 2-րդ հոդվածի անխախտելիության հանգամանքը:

Այս ամենից հետո տարօրինակ է, երբ առանց գնահատելու նախորդ իրադարձությունների ընթացքը՝ «Հայեցակարգի» հեղինակները ժողովրդահաճո արտահայտություններ են օգտագործում: Նման գործելակերպը հիշեցնում է շինարարների, ովքեր, մշտապես զարմանալով փլուզման վրա, կրկին ու կրկին կառուցում են շենքը՝ առանց հիմքը գցելու: Ակնհայտ է, որ մինչեւ իրերն իրենց անունով չկոչվեն, մինչեւ հստակորեն չարձանագրվի կեղծված ընտրությունների փաստը, մինչեւ դրանց համար թեկուզ ներկայիս «թերի» օրենքներով չպատժվեն զեղծարարներն ու հանցագործները, միեւնույն է, ինչպիսի Սահմանադրություն էլ ընդունվի, դրանից իրավիճակը չի փոխվի:

Վերջապես, աներկբա է, որ Սահմանադրության 2-րդ հոդվածի՝ ժողովրդի ազատ կամարտահայտության ճանապարհով իշխանության ձեւավորման խախտումը բնավ թույլ չի տալիս սոսկ արձանագրումով բավարարվել: Իշխանության բռնությամբ եւ ժողովրդի կամքին հակառակ տիրապետումը՝ նույնիսկ պրիմիտիվ եզրաբանությամբ շեշտված, հանցագործություն է, որը պատժվում է օրենքի ուժով: Արդ, եթե «Հայեցակարգում» ակնկալվում է, որ իշխանությունը որեւիցե պահի չի ձեւավորվել ժողովրդի կամքով, ապա դրա պատասխանատուները պարզապես հանցագործներ են: Հակառակ պարագայում՝ ստացվում է դատարկախոսություն եւ թալան՝ նպաստելով մի քանիսի հարստացմանն ու իշխանության հավերժացմանը:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս